
«Զվարթնոց» օդանավակայանը նոր տերմինալ կունենա. կներդրվի 500 միլիոն դոլար
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենը Forbes-ի նոր համարում հայտնել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը գերազանցել է բոլոր կանխատեսումները՝ տարեկան հասնելով ավելի քան 5.5 միլիոն ուղևորի, մինչդեռ տերմինալը սկզբնապես նախատեսված էր 3-4 միլիոնի համար։
Մարսելո Վենդեի խոսքով՝ հետագա աճը հաշվի առնելով՝ Երևանի օդանավակայանը նախատեսում է խոշոր ընդլայնում։ Հաջորդ տասը տարիների ընթացքում կկառուցվի նոր տերմինալ, որը կկրկնապատկի օդանավակայանի տարածքը։ Նախագծում կներդրվի մոտ 500 միլիոն դոլար։
Կկառուցվեն նոր սրահներ, կընդլայնվի կայանատեղին, և կբարելավվի հասարակական տրանսպորտի հետ կապը, ասել է Վենդեն։
Նախատեսված նորարարությունների թվում են ավտոմատացված անձնագրային հսկողության և կենսաչափական անձնագրային նոր համակարգի ներդրումը, որը կհեշտացնի Հայաստանի քաղաքացիների ճանապարհորդությունը, մասնավորապես՝ դեպի Եվրոպա։
Նպատակն է «Զվարթնոցը» վերածել մրցունակ տարածաշրջանային տրանսպորտային կենտրոնի։
Վենդեն ընդգծել է, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է կառավարության հետ և կազմակերպում է ոլորտի միջոցառումներ՝ նոր ավիաընկերություններ և երթուղիներ ներգրավելու համար: Օրինակ՝ Wizz Air-ն արդեն իսկ բացել է բազա Երևանում՝ երկու ինքնաթիռով, ընդլայնելով իր եվրոպական երթուղիները։
Բանակցություններ են ընթանում նաև ավիափոխադրողների հետ՝ դեպի Հնդկաստան, Չինաստան և Մերձավոր Արևելք չվերթներ սկսելու համար, որտեղ Երևանը դիրքավորվում է որպես Եվրոպայի և Ասիայի միջև հարմար հանգույց: