
Վալոդյա Գրիգորյանի կորստից հետո մթնոլորտը ծանր է, բայց թիմում լարվածություն չկա. Մեսրոպ Առաքելյան
Փարաքար համայնքի ավագանու նիստը այսօր կայացել է՝ չնայած մյուս երկու խմբակցության բացակայությանը։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ընդգծել է, որ համայնքում լարվածություն չկա, իսկ թիմը շարունակում է աշխատանքը Վալոդյա Գրիգորյանի գաղափարներով։
«Մեր թիմի մոտ որևէ լարվածություն, որևէ խնդիր չկա։ Իհարկե, մթնոլորտը ծանր է Վալոդյա Գրիգորյանի կորստից հետո, բայց նրա ծրագրերն ու գաղափարները մեզ պարտավորեցնում են աշխատել առավել պատասխանատվությամբ։ Թիմը և կուսակցությունը կանգնած են նոր ղեկավարի կողքին»,- նշել է Առաքելյանը։
Նա շեշտել է, որ համայնքի բնակիչների մոտ ևս բացահայտ լարվածություն չի նկատվում․«Առավոտյան զրուցել եմ մի շարք բնակիչների հետ՝ լուրջ միջադեպերի կամ լարվածության մասին տեղեկություն չունեմ։ Բնական է, որ որոշ մարդկանց մոտ կարող են լինել էմոցիոնալ դրսևորումներ, բայց ներթիմային լարվածություն չկա»։
Անդրադառնալով Վալոդյա Գրիգորյանի սպանությանը՝ Առաքելյանը նշել է՝ դեպքի բացահայտման գործընթացը ավարտված չէ։
«Սպանությունը բացահայտված չէ։ Ենթադրյալ կատարողի ինքնության հաստատումը դեռ չի նշանակում հանցագործության ամբողջական բացահայտում։ Ակնհայտ է, որ եղել է պլանավորած, կազմակերպված սպանություն։ Իրավապահները պետք է պարզեն՝ ովքեր են աջակցել կամ պատվիրել հանցագործությունը»,- ասել է նա։
Առաքելյանի խոսքով՝ ըստ իրավապահների տրամադրած տվյալների, նախապատրաստական աշխատանքները սկսվել էին սպանությունից ամիսներ առաջ, ինչն իր մոտ լուրջ կասկածներ է առաջացրել, որ ներգրավված են այլ անձինք ևս։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է։