
Չինաստանը միանում է Եվրոպայի դեմ վրեժխնդիր ՌԴ ստվերային պատերազմին․ Bloomberg
Տասնամյակներ շարունակ Եվրոպան մարմնավորում էր սառը պատերազմից հետո խաղաղությունը: Այսօր այն բախվում է տևական, սրվող պատերազմի: Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև խաղաղության բանակցությունների հիմքում ընկած էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի սրացումը՝ զուգորդված Ռուսաստանի կողմից Եվրոպայի դեմ հիբրիդային պատերազմի դրամատիկ աճի հետ. գրում է Bloomberg-ը։
Ըստ գործակալության՝ այդ սպառնալիքի, հարկադրանքի և դիվերսիայի արշավն այժմ շրջապատում է Եվրոպան գրեթե բոլոր կետերում: Այն կանխատեսում է լարվածություն և ոչ ապահով ապագա այն մայրցամաքի համար, որը երկար ժամանակ խաղաղությունը համարում էր նորմա: Վերջին մի քանի շաբաթների ընթացում անօդաչու թռչող սարքերի անընդհատ հայտնվելը խաթարել է Եվրոպայի օդային երթևեկությունը:
Bloomberg-ը նշում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները խախտել են Էստոնիայի օդային տարածքը: Ըստ տեղեկությունների՝ Մոսկվայի գործակալներն անհաջող փորձել են ազդել Մոլդովայի վերջին ընտրությունների արդյունքների վրա: Օգոստոսին Ռուսաստանը, ենթադրաբար, խափանել է Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինքնաթիռի նավիգացիոն համակարգերը:
Գրանցվել են նաև Բալթիկ ծովում մալուխների կտրման դեպքեր, Բալկաններում լարվածություն առաջացնելու փորձեր և Ատլանտյան օվկիանոսում կարևոր ստորջրյա օպտիկամանրաթելային գծերի հսկողության սպառնալիք: Պուտինը հարվածում է Եվրոպային՝ միաժամանակ հարվածելով Ուկրաինային։
Նրա դրդապատճառները բազմաշերտ են: Հիբրիդային պատերազմի նպատակը Եվրոպային պատժելն է՝ ուկրաինական դիմադրությանն աջակցելու համար: Այն զգուշացնում է եվրոպական երկրներին զորքեր չտեղակայել Ուկրաինայում՝ հնարավոր հրադադարից հետո: Ավելի հիմնարար է այն, որ հիբրիդային պատերազմը նախատեսված է թուլացնելու և անկայունացնելու տրանսատլանտյան դաշինքի արևելյան կեսը, որը վաղուց զսպել է ռուսական ազդեցությունը՝ միաժամանակ բաժանելով այն իր արևմտյան կեսից:
Մոսկվայի «ամենասիրելի երազանքն», ինչպես մի անգամ հայտարարել է խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովն, ԱՄՆ-ն Եվրոպայից բաժանելն էր: Գաղափարախոսությունները փոխվում են, բայց աշխարհաքաղաքական հրամայականները՝ պահպանվում: Եթե Մոսկվան մեծացնի ճնշումը, իսկ ԱՄՆ-ն առաջնահերթությունը տա այլ հարցերի, թերզինված Եվրոպան կմնա միայնակ:
Պուտինն, անկասկած, գրավել է Եվրոպայի ուշադրությունը: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ մայրցամաքը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր բախվում է «ամենադժվար և վտանգավոր իրավիճակին»։ Եվրոպական առաջնորդները խոսում են իրենց երկրները պաշտպանելու համար «անօդաչու թռչող սարքերի համար պատերի» մասին՝ միաժամանակ սպառնալով խփել իրենց օդային տարածքը խախտող ամեն բան։
Որոշ եվրոպական պաշտպանության նախարարություններ մտահոգված են, որ հիբրիդային պատերազմը կարող է վերածվել թեժ պատերազմի։ Այդուամենայնիվ, Ռուսաստանի ղեկավարը սովորաբար զգուշավոր է եղել միջուկային զենք ունեցող դաշինքի հետ լայնածավալ կռիվ սկսելու հարցում։
Bloomberg-ի կանխատեսմամբ՝ այդ պայքարը կշարունակվի այս կամ այն ձևով նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո: Այն կարող է նույնիսկ սրվել, քանի որ Չինաստանն աջակցում է Ռուսաստանին։
Չինական միջամտությունը Եվրոպայում այնքան ագրեսիվ չէ, որքան Պուտինինը: Սակայն չինական նավերը ներգրավված են եղել Բալթիկ ծովում մալուխների կտրման միջադեպերում: Չինական կիբեռհարձակումները դարձել են ավելի հավակնոտ և ավելի տարածված: Արևմտյան պաշտոնյաները պնդում են, որ աճում է Ռուսաստանի և Չինաստանի ապատեղեկատվական արշավների միջև սիմբիոզը։ Ե՛վ Չինաստանը, և՛ Ռուսաստանը ցանկանում են ավելի թույլ, ավելի ճկուն Եվրոպա։ Հարցն այն է, թե արդյո՞ք ԱՄՆ-ն կօգնի այդ մայրցամաքին պահպանել համախմբվածությունն ու ուժը։
ԱՄՆ քաղաքականության միտումները երկիմաստ են։ Թրամփը Եվրոպային դրդել է վերազինվել։ Նա աստիճանաբար ավելի բարեկամական է դառնում Ուկրաինայի և Եվրոպայի նկատմամբ, քանի որ ավելի է հիասթափվում Պուտինից։ Սակայն Թրամփն ինքը խաթարել է Եվրոպայի ինքնիշխանությունը՝ պահանջելով Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն: ԱՄՆ առաջնորդն անդադար պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի քիչ պատասխանատվություն կրի մեկ օվկիանոս հեռավորության վրա գտնվող մայրցամաքի անվտանգության համար: Եվրոպան երկարատև, վտանգավոր պայքարի առաջ է կանգնած վրեժխնդիր Ռուսաստանի հետ: Պայքարն ավելի դժվար կլինի, եթե Եվրոպան ստիպված լինի այն մենակ վարել: