
ՀՀ-ում պահպանվում են տնտեսական անկման ռիսկերը՝ դրամական փոխանցումներից շարունակական կախվածության և հավանական տարածաշրջանային ցնցումների ֆոնին․ ՎԶԵԲ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հրապարակած նոր հարցումը Կենտրոնական Ասիայի պետությունների համար կարճաժամկետ տնտեսական հեռանկար է առաջարկում։ Սակայն բանկը հավելում է, որ տարածաշրջանը հակված է ապրանքների գների տատանումների, դրամական փոխանցումներից, ինչպես նաև Ռուսաստանի ու Չինաստանի շուկաներից կախվածության։
ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ 2025» հրատարակությունը կանխատեսում է, որ տարածաշրջանային աճն այս տարի կհասնի 6.1 տոկոսի և 2026 թվականին կդանդաղի մինչև 5.2 տոկոս։
«Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շարունակել են կայուն աճ գրանցել 2025 թվականի առաջին կեսին՝ ներքին պահանջարկի բարձր մակարդակի, իրական աշխատավարձերի աճի և դրամական փոխանցումների ուժեղ ներհոսքի շնորհիվ։ Արդյունաբերական արտադրանքն, ընդհանուր առմամբ, մնացել է կայուն, սակայն ապրանքների գների անկայունությունն ազդել է այս տարածաշրջանի երկրների հանքարդյունաբերության արտադրանքի և արտահանման վրա», – նշվել է զեկույցում։
Ի տարբերություն Կենտրոնական Ասիայի՝ ՎԶԵԲ-ը կանխատեսում է Կովկասյան տարածաշրջանի տնտեսական ցուցանիշների զգալի անկում: ՎԶԵԲ-ի տվյալներով՝ Վրաստանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհաքաղաքական շրջադարձ է կատարել Եվրամիությունից դեպի Ռուսաստան, կարծես թե գտնվում է տնտեսական ազատ անկման մեջ: ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կազմել է 9.4 տոկոս, սակայն կանխատեսվում է, որ այն 2026 թվականին կնվազի՝ հասնելով մինչև 5 տոկոսի։ Կանխատեսվում է, որ Ադրբեջանը կհետևի նմանատիպ հետագծի՝ 2024 թվականի 4.1 տոկոս աճի տեմպից իջնելով մինչև 2.5 տոկոս 2026 թվականին։ Հայաստանը 2024 թվականի 5.9 տոկոս աճի տեմպից կիջնի 4.5 տոկոսի 2026թ․-ին։
«Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի հետ կնքված խաղաղության համաձայնագիրը կարող է նվազեցնել աշխարհաքաղաքական ռիսկերը, բացահայտել մասնավոր ներդրումների աճը և խթանել զբոսաշրջությունը: Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը կարող է զգալիորեն բարձրացնել Հայաստանի դերն Արևելք-Արևմուտք տարանցիկ և տարածաշրջանային լոգիստիկայում: Այնուամենայնիվ, անկման ռիսկերը շարունակվում են, ներառյալ՝ ընթացիկ հաշվի դեֆիցիտի ընդլայնումը, դրամական փոխանցումներից շարունակական կախվածությունը և տարածաշրջանային ցնցումների ենթարկվելը», – նշվել է զեկույցում: