07 Հոկ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գորիսում երկրորդ քոլեջն է միացել դասադուլին և գործադուլին. դեմ են ՔՊ-ի հետ կապ ունեցող նշանակումներին

Գորիսում երկրորդ քոլեջն է միացել դասադուլին և գործադուլին. դեմ են ՔՊ-ի հետ կապ ունեցող նշանակումներին

Գորիսի պետական քոլեջում և Գորիսի գյուղատնտեսական քոլեջում հոկտեմբերի 6-ից հայտարարվել է անժամկետ գործադուլ և դասադուլ։ Քոլեջի աշխատակիցներն ու ուսանողները չեն ընդունում երկու հաստատությունները միավորելու կառավարության որոշումը և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը:

Հոկտեմբերի 4-ին Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը իրազեկել է ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին անժամկետ գործադուլի և դասադուլի մասին՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել։ Կոլեկտիվը պահանջում է չեղարկել նոր տնօրենի նշանակումը, հետաձգել տնօրենի պաշտոնակատարի նշանակումը, մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը, կամ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել գործող տնօրեն Կարեն Լազարյանին և հանդիպում կազմակերպել նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը ABC media-ի հետ զրույցում ասաց, որ մարտի 5-ին տեղի ունեցած հավաստագրի քննության արդյունքում որոշ հանձնաժողովներ՝ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանի գլխավորությամբ, կեղծել են մրցույթը և իրեն զրկել տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հնարավորությունից։

«Մենք արդեն համապատասխան հայցեր ենք ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և այս պահին դատական գործընթացը շարունակվում է», – ասաց Կարեն Լազարյանը։

Նա հավելեց, որ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցներն ու ուսանողները նույնպես միացել են գործադուլին և դասադուլին։

«Կոլեկտիվը և ուսանողները պահանջում են, որ նոր նշանակվող մարդը լինի պատրաստված  և կապ ունենա միջին մասնագիտական կրթության ոլորտի հետ, դրանից զատ որևէ կապ չունենա Սյունիքի մարզպետի կամ ՔՊ կուսակցության որևէ պատգամավորի  հետ։  Նոր տնօրենի ընտրության հարցում մեր կարծիքը հաշվի չեն առել», – նշեց տնօրենը։

Հիշեցնենք, որ Գորիսի պետական և Գորիսի գյուղատնտեսական քոլեջների միաձուլման որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ին։ Նախորդ մայիսի 12-ին նույնպես տեղի էր ունեցել դասադուլ և գործադուլ՝ նույն հիմնավորմամբ։ Գորիսի պետական քոլեջը ներկայում ունի 334 ուսանող և 59 աշխատակից, և ամբողջ կոլեկտիվն է մասնակցում գործողություններին։

ԿԳՄՍ նախարարությունը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել Գորիսի ուսումնական հաստատություններում ծավալված բողոքի և գործադուլի վերաբերյալ։ Քոլեջի կոլեկտիվը շեշտում է, որ պատրաստ են շարունակել գործադուլը, մինչև իրենց պահանջները կատարվեն և իրենց կարծիքը հաշվի առնվի։

 

Ռազմագերիներ