
Եվրոպայի «ամենաերջանիկ» երկրներից մեկը բժիշկների կողմից «նշանակվում» է որպես դեղատոմս
Շվեդիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը բժիշկները նշանակում են որպես դեղատոմս․ գրում է Euronews-ը։
Swedish Prescription նոր արշավի շրջանակում Շվեդիայի զբոսաշրջային խորհուրդը հայտարարել է, որ երկիրն առաջարկում է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական առողջությանը նպաստող յուրօրինակ միջոցառումների մի ամբողջ շարք։
Շվեդիան կյանքի որակի մակարդակով համաշխարհային առաջատարներից է և մշտապես համարվել է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը։
Արշավի շրջանակում առաջարկվող զբաղմունքների թվում են «լիցքաթափվել շվեդական անտառում՝ սթրեսի մակարդակն իջեցնելու և կենտրոնացումը բարելավելու համար», երկրի զով ջերմաստիճանի, մաքուր օդի և աղմուկի բացակայության շնորհիվ առողջ քունը, և սուրճ ըմպելու ու հանգստանալու շվեդական «ֆիկա» սովորությունը։
«Դեղատոմսերի» թվում են նաև շվեդական երաժշտություն լսելը, հեծանվային զբոսանքի մասնակցելը և երկրի բազմաթիվ թանգարաններից և հանրային բացօթյա արվեստի վայրերից մեկն այցելելը։
«Շվեդիան լի է այնպիսի զբաղմունքներով, որոնց շնորհիվ դուք լավ կզգաք։ Այստեղ՝ Շվեդիայում, արևը 100 օր մայր չի մտնում: Պարզապես պատկերացրեք, թե ինչ կարող է անել 24/7 լուսային թերապիան: Այնպես որ, խնդրեք ձեր բժշկին որպես դեղատոմս նշանակել Շվեդիան, և տեսեք, թե ինչ կարող ենք անել ձեր առողջության համար», – արշավի գովազդային տեսանյութում ասում է ավագ պրոֆեսոր Իվոն Ֆորսելը։
Swedish Prescription արշավը հավանության են արժանացրել բազմաթիվ մասնագետներ, այդ թվում՝ մանկաբույժ Սթեյսի Բելլեր Սթրայերը, Բրիտանական բժշկական ասոցիացիայի փոխնախագահ Սեմ Էվերինգտոնը, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ Մաայկե տեն Թիյե-դե Բուրը։