ԱՄՆ սենատի հանրապետականներն արգելափակել են Ուկրաինային, Իսրայելին և Գազային օգնության մասին օրինագիծը
ԱՄՆ սենատի հանրապետականներն արգելափակել են Ուկրաինային, ինչպես
նաև Իսրայելին և Գազային օգնության մասին օրինագիծը, քանի որ չի հաջողվել փոխհամաձայնության
գալ երկրի սահմանային անվտանգության շուրջ․ այս մասին հայտնում է BBC-ն։
Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ ֆինանսական օգնությունն
Ուկրաինային շուտով կարող է սպառվել, իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում հայտարարել
են, որ առկա է Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում պարտության «մեծ վտանգ»,
եթե ԱՄՆ-ն չշարունակի Կիևին տրամադրվող աջակցությունը։
Աջակցության մասին օրինագծի օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ՝
49, սակայն օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 60 ձայն։
Ընդ որում, դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը
հայտարարել է Ուկրաինային 175 միլիոն դոլարի չափով նոր անվտանգության աջակցության մասին
այն ֆինանսավորումից, որն արդեն հաստատվել է։ Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝
փաթեթն ընդգրկում է սպառազինություն, այդ թվում՝ հրթիռներ և հրետանային արկեր։