
Մակրոնը կարող է ցրել Ֆրանսիայի խորհրդարանը․ The New York Times
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականը, կարծես, վատ դրության մեջ է դրել նախագահ Էմանուել Մակրոնին, որը հավանաբար ստիպված կլինի լուծարել խորհրդարանը, այդպիսով, հնարավոր է, ամրապնդելով ծայրահեղ աջակողմյան ուժերի դիրքը․ գրում է The New York Times թերթը։
Ըստ թերթի՝ Ֆրանսիան այլևս քաղաքական ճգնաժամի մեջ չէ, այլ՝ սահմանադրական։ The New York Times-ը նշում է, որ տասնամյակներ շարունակ Հինգերորդ հանրապետությունը գործել է կա՛մ խորհրդարանում նախագահին աջակցող հստակ մեծամասնությամբ, կա՛մ պետության ղեկավարին հակառակ հստակ մեծամասնությամբ։ Սակայն այսօր Ազգային ժողովը (խորհրդարանը) բաժանված է երեք գրեթե հավասար խմբակցության՝ Լը Պենի աջակողմյան ազգայնականները, ձախերը և ծայրահեղ ձախերը, որոնց առավել ցայտուն կերպով ներկայացնում է «Անհնազանդ Ֆրանսիա»-ի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը, և կառավարամետ կենտրոնամետները, որոնց հավատարմությունը Մակրոնի նկատմամբ, ըստ աղբյուրի, աստիճանաբար նվազում է: Այս ամենը հանգեցրել է նրան, որ Ֆրանսիան «21 ամսվա ընթացքում ունեցել է հինգ կառավարություն, և այնտեղ տիրում է քաոս»։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական է տվել հոկտեմբերի 6-ին, Նախարարների կաբինետի նոր կազմը ներկայացնելուց մի քանի ժամ անց՝ չկարողանալով երկիրը դուրս բերել քաղաքական ճգնաժամից։
Լեկորնյուն վարչապետի պաշտոնում նշանակվել էր գրեթե մեկ ամիս առաջ, սակայն հոկտեմբերի 5-ին նրա հրապարակած կառավարության գրեթե անփոփոխ կազմն արժանացել է քաղաքական ուժերի խիստ քննադատությանը։