07 Հոկ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պենտագոնը թույլատրել է լրագրողներին նյութեր հրապարակել առանց գերատեսչության նախնական հաստատման

Պենտագոնը թույլատրել է լրագրողներին նյութեր հրապարակել առանց գերատեսչության նախնական հաստատման

Պենտագոնը փոխել է լրագրողների համար իր պահանջները՝ թույլ տալով նրանց հրապարակել հոդվածներ՝ առանց ռազմական գերատեսչության նախնական հաստատման, եթե դրանք հիմնված են իրենց սեփական հետաքննությունների վրա․ գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ տեղեկության՝ Պենտագոնը «մեղմել և պարզաբանել» է նոր կանոնները լրատվական կազմակերպությունների հետ ավելի քան երկու շաբաթ տևած բանակցություններից հետո։ Նոր պահանջների համաձայն՝ ռազմական գերատեսչությունում հավատարմագրված լրագրողներից «չի պահանջվի գերատեսչության հաստատում պաշտոնապես չհրապարակված տեղեկատվություն պարունակող հոդվածներ հրապարակելու համար»։

Այնուամենայնիվ, փաստաթղթի նախագիծը ներառում է նաև մի դրույթ, ըստ որի՝ հրապարակումները կարող են որոշակի հանգամանքներում համարվել «անվտանգությանը սպառնալիք», իսկ լրագրողների հավատարմագրումը կարող է չեղյալ համարվել։ Սա տեղի կունենա, եթե նրանք տեղեկատվություն են ստացել՝ պետական պաշտոնյաներին դրդելով խախտել գաղտնի տեղեկատվության բացահայտման հետ կապված կանոնակարգերը։

Լրատվամիջոցները մեկ շաբաթ ունեն գերատեսչության կանոնները վերանայելու և դրանք ընդունելու համար։ Այս պահանջները չկատարող լրագրողները հավատարմագրում չեն ստանա։

Ինչպես նախկինում հաղորդվել էր, Պենտագոնը խստացրել է լրագրողների տեղաշարժի կանոններն իր շենքում՝ տեղեկատվության արտահոսքը կանխելու համար։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքով՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին այժմ թույլատրվում է գտնվել ճեպազրույցի տարածքում, սակայն նրանք չեն կարող տեղաշարժվել շենքում՝ առանց անձը հաստատող փաստաթղթի կամ ուղեկցորդի։

 

Ռազմագերիներ