
ԵՄ-ն քննարկում է ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակելու նոր ծրագիր
Եվրամիությունը քննարկում է ռուս դիվանագետների տեղաշարժը դաշինքի տարածքում սահմանափակելու հնարավորությունը․ գրում է Euronews-ը։
Սահմանափակումը կվերաբերի Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների անդամներին, այդ թվում՝ վարչական և տեխնիկական անձնակազմին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին։
Նախագծի հաստատման դեպքում ռուս դեսպանները կպարտավորվեն նախօրոք տեղեկացնել ընդունող երկրից դուրս մեկ այլ պետություն մեկնելու իրենց մտադրության մասին։
Ծանուցումը պետք է տրամադրվի ժամանումից «առնվազն 24 ժամ» առաջ, և դրանում պետք է նշված լինեն տրանսպորտային միջոցը և մուտքի/ելքի ամսաթիվը։
Այդ դեպքում ընդունող պետությունը կունենա հնարավորություն կամ թույլատրել, կամ մերժել դիվանագետի մուտքը։
«Սա քայլ է դեպի առաջ՝ ճիշտ ուղղությամբ։ Կարևոր է գործել հիմա, այլ ոչ թե սպասել, որ ինչ-որ բան տեղի ունենա», – ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) վերջերս առաջարկն ավելացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթին, որն այժմ բանակցությունների փուլում է։