08 Հոկ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիբեթում ավարտվել է հարյուրավոր զբոսաշրջիկների և հովիվների տարհանումը ձնաբքից հետո

Տիբեթում ավարտվել է հարյուրավոր զբոսաշրջիկների և հովիվների տարհանումը ձնաբքից հետո

Հարյուրավոր զբոսաշրջիկներ, տեղացի ուղեկցողներ և յակերի հովիվներ հասել են անվտանգ վայր՝ նախորդ շաբաթավերջին Տիբեթում տեղի ունեցած ուժգին ձնաբքի հետևանքով սառը պայմաններում հայտնվելով լեռնային գոտում, հայտնում են իշխանությունները. գրում է Al Jazeera-ն:

Երեքշաբթի ավարտվել է Կարմա հովտում մնացած մոտ 200 զբոսաշրջիկների տարհանումը։ Դրանից առաջ՝ կիրակի, արդեն 350 մարդու հասցրել էին անվտանգ վայր։ Սա համարվում է տարածաշրջանի ամենախոշոր փրկարարական գործողություններից մեկը։

Չինաստանի պետական «Սինհուա» գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ 580 զբոսաշրջիկ և ավելի քան 300 տեղացի լեռնային ուղեկցողներ ու յակերի հովիվներ ապահով հասել են Չուդենգ համայնք և Դինգրի գավառի հարակից բնակավայրեր, որոնք գտնվում են Տիբեթի ինքնավար շրջանում։

Փրկարարական խմբերը, որոնք իրենց հետ տարել էին սնունդ, դեղեր, թթվածնային սարքեր և տաք հագուստ, կարողացել են Կարմա հովտից դուրս բերել մոտ 900 մարդւո։ Հովիտը գտնվում է Էվերեստ լեռան լանջին՝ մոտ 4200 մետր բարձրության վրա, որտեղ ուրբաթ և շաբաթ օրերին ուժգին ձյուն էր տեղացել։

«Սինհուա»-ի հաղորդմամբ՝ բոլոր զբոսաշրջիկները հասել են անվտանգ վայր, իսկ տեղական իշխանությունները այժմ կազմակերպում են նրանց վերադարձը՝ «կարգավորված ձևով»։

Չինական սոցիալական ցանցերում՝ WeChat-ում և Douyin-ում (չինական TikTok), օգտատերերը քննադատել են դեպքը՝ այն համարելով հարուստների անխոհեմ զբաղմունք վտանգավոր տարածքում։

«Կպահանջվի՞ արդյոք զբոսաշրջիկներից փրկարարական գործողության ծախսերի փոխհատուցում», – գրել էր մի օգտատեր։
Մյուսը գրել է. «Նույնիսկ եթե գումար ունենամ, ես էլ կուզեմ իմ գերեզմանը փորել Էվերեստի լանջին»։

Կարմա հովիտը, որը հայտնաբերել են արևմտյան ճանապարհորդները մոտ մեկ դար առաջ, համարվում է համեմատաբար անաղարտ տարածք։ Այնտեղ ավելի քիչ են այցելում, քան Էվերեստի հյուսիսային կողմը, որտեղ կան ճանապարհներ։

«Բարեբախտաբար, մեզնից առաջ եղածները ձյան մեջ հետք էին թողել, և մենք կարողացանք դրանցով շարժվել։ Դա մի փոքր ավելի հեշտացրեց ճանապարհը», – պատմել է 41-ամյա Էրիկ Վենը՝ հավելելով, որ մոտ 19 կմ է անցել՝ հիմնականում խորը ձյան միջով։

«Հակառակ դեպքում մենք չէինք կարողանա ինքնուրույն դուրս գալ հովտից», – ասել է նա։

Հիշեցնենք, որ մոտ 1000 մարդ արգելափակվել է Էվերեստում ձնաբքի պատճառով:

Ռազմագերիներ