
Ինչպե՞ս է Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը վերափոխում Եվրասիան և ուժերի հավասարակշռությունը․ The Astana Times
Փորձագետները զգուշավոր են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրած համաձայնագրի տևողության և շրջանակի վերաբերյալ, որը դեռևս հեռու է հստակեցված լինելուց․ գրում է The Astana Times-ը։
«Չնայած դրա պատկերավորությունը և հնարավոր դրական հետևանքները չպետք է թերագնահատել, դեռևս շատ բան պարզ չէ այն մասին, թե իրականում ի՞նչ են նշանակում համաձայնագրերը, ներառյալ՝ որոշակի ձևակերպումներ և դրանց մեկնաբանությունը, ինչպես նաև այն հարցը, թե որքան կտևի ԱՄՆ-ի պարտավորությունը տարածաշրջանի նկատմամբ», – նշում է Քլինգենդելի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ շատ բան կախված է նրանից, թե ինչպես են սահմանվում համաձայնագրերի տեքստում անորոշ տերմինները, օրինակ՝ «անարգել կապը», «փոխադարձ օգուտները» կամ «տարածքներ ձեռք բերելու համար ուժի կիրառման անթույլատրելիության» մասին կետը։
ԱՄՆ վարչակազմի պարտավորությունն՝ ապահովելու այս համաձայնագրերի իրականացումը, նույնպես հարցականի տակ է։
«Հարցն այն է, թե արդյո՞ք ԱՄՆ-ի ուշադրությունն ու ջանքերը բավարար կլինեն այս տարածաշրջանում բավականաչափ երկար ժամանակահատվածում խաղաղության համաձայնագրի կնքումը և երկու համաձայնագրերի իրականացումն ապահովելու համար: Եթե միջազգային ուշադրությունը տեղափոխվի, ապա ոչ մի էական բան չի խանգարի տարածաշրջան վերադարձնել անկայունությունը և հակամարտությունը»,- նշում է Օհանջանյանը։
Նա նաև բացատրել է, թե ինչպես կարող են համաձայնագիրը և TRIPP նախագիծն ազդել տարածաշրջանի տարբեր դերակատարների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Եվրամիության շահերի վրա։
Թուրքիան զգալիորեն շահում է համաձայնագրից, քանի որ այն ապահովում է տրանսպորտային կապ Կենտրոնական Ասիայի հետ Նախիջևանի և նախատեսված TRIPP միջանցքի միջոցով։
Մյուս կողմից՝ Ռուսաստանը մի կողմ է դրվել․ «անվիճելի առաջնորդից և կարևոր որոշում կայացնողից» այն վերածվել է ռազմավարական նշանակություն ունեցող հարցից լիովին և ակնհայտորեն բացակայողի։
Բաքվի ADA համալսարանի դոցենտ Անար Վալիևի կարծիքով՝ լիարժեք խաղաղության հասնելու համար շատ խոչընդոտներ չկան։ Նրա խոսքով՝ «գործընթացը դժվարացնող գործոններից մեկը ՀՀ սահմանադրությունն է»։
Արտաքին քաղաքականության փորձագետ և «Նյու Լայնս» ռազմավարության և քաղաքականության ինստիտուտի ավագ տնօրեն Քամրան Բոխարին նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը համարում է «մեր ժամանակների ամենաաշխարհաքաղաքական հետևանքային զարգացումներից մեկը»։
«Հարավային Կովկասի տարածաշրջանը կապում է Արևմուտքը Եվրասիայի սրտի հետ, ուստի՝ Վաշինգտոնի ներգրավվածությունը դիմակայության ավարտին և՛ հրատապ էր, և՛ կարևորագույն։ Ադրբեջանի հետ կապերի բարելավումը Վաշինգտոնին դնում է ռազմավարական առումով առավելություն ունեցող դիրքում Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, և դա կարող է հակազդել, եթե ոչ զսպել Չինաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում», – նշել է Բոխարին։
Չնայած խաղաղության համաձայնագրի վերջնական հաստատմանը դեռ որոշ քայլեր կան, Վաշինգտոնի գործընթացին մասնակցելը կարևոր պահ է։
«ԱՄՆ-ն այժմ մեծ հենարան է ձեռք բերել Սև և Կասպից ծովերի միջև ցամաքային կամրջի վրա», – նշել է նա՝ այս զարգացումը համարելով ԱՄՆ-ի համար հնարավորություն՝ բարելավելու կապերը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ։