08 Հոկ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճարս կտրած՝ մինչև վերջին կոպեկս տվել եմ ու չեմ կարողանում տունս վերցնել. արցախցին հայտնվել է դրսում

Ճարս կտրած՝ մինչև վերջին կոպեկս տվել եմ ու չեմ կարողանում տունս վերցնել. արցախցին հայտնվել է դրսում

«Ասել են՝ գումարը մուծիր, ու բանալիները երեք ամսից կտանք։ Ես էլ մուծել եմ։ Երեք ամիսը դարձավ հինգ, բայց մինչ օրս ոչինչ չկա». ABC media-ի հետ զրույցում պատմել է արցախցի Գարեգին Խաչյանը՝ խոսելով շարժական բնակելի տնակների կառուցմամբ զբաղվող «ԷԿՈ-ՊՐԸՋԵՔԹ» ընկերության հետ կնքած պայմանագրի մասին։

Քաղաքացու խոսքով` ինքը ցանկացել էր բնակելի տնակ ձեռք բերել, ընկերությունը նախապես պահանջել է ամբողջ գումարը` 3.500.000 դրամ՝ ասելով, թե այդպիսին է կարգը, և խոստացել է սահմանված ժամկետում տրամադրել բանալիները։ Սակայն մինչ օրս տնակը չկա, իսկ ընկերությունը պարբերաբար երկարաձգում է ժամկետները։

«Ճարս կտրած՝ մինչև վերջին կոպեկս տվել եմ ու չեմ կարողանում տունս վերցնել», – ասել է նա։

Քաղաքացու և «ԷԿՈ-ՊՐԸՋԵՔԹ»  ՍՊԸ-ի միջև 2025 թվականի ապրիլի 15-ին կնքվել է շարժական բնակելի տնակի առքուվաճառքի պայմանագիր։ Ընկերությունը պարտավորվել է 120 օրվա ընթացքում պատրաստել և մատակարարել փայտյա տնակ։ Սահմանված ժամկետն ավարտվել էր հուլիսի 15-ին, սակայն մինչ օրս տունը պատրաստ չէ։

Խաչյանը պատմում է, որ այդ երեք ամսում ընկերությունը իրեն տրամադրել է ժամանակավոր կացարաններ, որտեղ անգամ տարրական պայմաններ չեն եղել։ Մի տանը դուռ չի եղել, մյուսում՝ պատուհան։ Ինքն է պատուհանը փակել ստվարաթղթով, որ կարողանա ապրել։ Հիմա արդեն դրսում է մնացել ու չգիտի, թե ուր պետք է գնա, Արցախի ներկայացուցչություն է եկել։

Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը նշում է, որ փաստաբանի տեղեկություններով՝  «ԷԿՈ-ՊՐԸՋԵՔԹ» ՍՊԸ-ի հետ կապված կան որոշ խնդիրներ։ Սա արդեն հինգերորդ դեպքն է, երբ արցախցիները բախվում են նման իրավիճակի։ Խոսելով խնդրի լուծման մասին՝ նա հայտնում է, որ  ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է ՀՀ ՄԻՊ գրասենյակ։

ABC media-ն փորձել է պարզաբանում ստանալ «ԷԿՈ-ՊՐԸՋԵՔԹ» ընկերությունից, սակայն մեր զանգերը մնացել են անպատասխան։ Ընկերության տեսակետը կներկայացնենք պատասխանն ստանալուն պես։

 

Ռազմագերիներ