
Ադրբեջանցիներին պահում են Մոսկվայի օդանավակայանում. դեսպանատունն արձագանքել է միջադեպին
Ռուսաստանի Ժուկովսկի օդանավակայանում կալանավորված Ադրբեջանի քաղաքացիների հարցը գտնվում է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ. գրում են արդբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դեսպանատանը:
Այս պահին դեսպանատան աշխատակիցները զբաղվում են խնդրի կարգավորմամբ։
Դեսպանատան տվյալներով՝ Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են Ռուսաստան ժամանելուց առնվազն 72 ժամ առաջ գրանցվել և ստանալ մուտքի թույլտվություն հատուկ հավելվածի միջոցով, սակայն շատերը դա չեն անում, ինչի հետևանքով առաջանում են նման խնդիրներ։
Նշվում է նաև, որ Ժուկովսկի օդանավակայանում պահվող քաղաքացիները կարող են այնտեղ մնալ մինչև մեկ շաբաթ, քանի որ նրանց վերադարձը կազմակերպում է ռուսական կողմը։ Քանի որ Ժուկովսկի օդանավակայան ադրբեջանական ավիաընկերություններ չեն թռչում, վերադարձը կարող է իրականացվել միայն ռուսական չվերթներով, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի։
Դեսպանատնից հայտնել են, որ եթե վաղվա չվերթում ազատ տեղեր լինեն, ապա քաղաքացիները կվերադարձվեն Ադրբեջան հենց վաղը, իսկ եթե ոչ՝ նրանց վերադարձը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի։
Ադրբեջանցի քաղաքացիները Ժուկովսկի օդանավակայանում են արդեն երկու օր:
Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին․ Բաքվից Մոսկվա մեկնած ադրբեջանցիների խումբը վայրէջքից հետո կալանավորվել է հենց օդանավակայանում: