
ԵՄ-ն կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը մինչև 2028-ը
Եվրոպական միության դեսպանները համաձայնության են եկել մինչև 2028 թվականը Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու ծրագրի վերաբերյալ. գրում է Reuters-ը: Այս որոշմամբ ավարտվեց օրենքի մշակման առաջին քաղաքական փուլը, որը կդրվի կառավարությունների քվեարկության՝ այս ամսվա վերջում։
ԵՄ-ն քննարկում է իրավական նախագիծ, որի նպատակն է մինչև 2028 թվականի հունվար ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի և գազի մատակարարումները՝ կրճատելու Կրեմլի եկամուտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորման համար։
ԵՄ երեք դիվանագետների տեղեկացմամբ՝ փակ հանդիպման ժամանակ դեսպանները համաձայնել են նախագիծը փոխանցել նախարարներին՝ հոկտեմբերի 20-ի նիստում հաստատման համար։ Նրանց խոսքով՝ գրեթե բոլոր անդամ երկրները աջակցել են նախաձեռնությանը, ինչի հետևանքով ակնկալվում է դրա հեշտ ընդունումը, չնայած Հունգարիայի և Սլովակիայի քննադատությանը։
Քննարկումները դեռ շարունակվում են՝ որոշ տեխնիկական ճշգրտումների շուրջ։ Դրանցից մեկը վերաբերում է հեղուկ գազի մատակարարումներին․ որոշվում է՝ արդյոք դրանք պետք է նախապես հաստատվեն մինչև մուտքը ԵՄ կամ ստուգվեն արդեն ԵՄ նավահանգիստներում՝ համոզվելու համար, որ դրանք ռուսական ծագում չունեն։
Ֆրանսիան և Իտալիան հայտարարել են, որ ընդհանուր առմամբ աջակցում են ծրագրին, սակայն ուզում են հստակեցնել ստուգումների մեխանիզմը։
Եթե օրենքը հաստատվի, այն կդադարեցնի Եվրոպայի տասնամյակներով գոյություն ունեցող կախվածությունը ռուսական նավթից և գազից։ Ըստ նախագծի՝
նոր պայմանագրերով ռուսական գազի ներմուծումը կդադարեցվի 2026-ի հունվարից,
կարճաժամկետ գործող պայմանագրերը՝ 2026-ի հունիսից,
երկարաժամկետ պայմանագրերը՝ 2028-ի հունվարից։
Ներկայում մի շարք երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, Ֆրանսիան և Բելգիան, դեռ շարունակում են գնել ռուսական գազ, որը կազմում է ԵՄ գազի ներմուծումների մոտ 12 տոկոսը՝ 2022-ի 45 տոկոսի փոխարեն։
Օրենքը պարտավորեցնելու է Հունգարիային և Սլովակիային՝ մշակել ազգային ծրագրեր՝ մինչև 2028 թվականը ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու համար։
Ծրագրի հաստատման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների «որակյալ մեծամասնություն»՝ առնվազն 55 տոկոսը։ Դրանից հետո ԵՄ-ն և Եվրախորհրդարանը կանցնեն օրենքի վերջնական տեքստի համաձայնեցմանը։
Բացի այդ, ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ, որը նախատեսում է ռուսական հեղուկ գազի (LNG) ներմուծման արգելք արդեն 2027 թվականի հունվարից՝ մեկ տարի շուտ։