Հայաստանը Լաչինի միջանցքից բացի այլ ճանապարհով Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու հարց քննարկելու իրավասություն չունի․ Արարատ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել
է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների
և Եվրոպական խորհրդի նախագահի միջև վերջին եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն
է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխում ապահովելու շուրջ։
Միրզոյանն ասել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս
2020թ. նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել
Լաչինի միջանցքի վերաբերյալ, և այդ համաձայնության տակ առկա է նշյալ երեք երկրների
ղեկավարների ստորագրությունները։
«Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի
միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ
ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի
և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված
հարցեր»,- նշել է Միրզոյանը։
«Այս առումով ավելորդ չէ կրկին հիշեցնել ՄԱԿ Արդարադատության միջազգային
դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների
մասին, որոնք աներկբայորեն վերահաստատում են մեր նշյալ դիրքորոշումը»,- նշել է Արարատ
Միրզոյանը։