
ՀՀ տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով նախագիծ չկա․ Վահան Կոստանյան
Հայաստանը այսօր էլ պատրաստ է ստորագրել և հետագայում նաև ռատիֆիկացնել այս փաստաթուղթը․ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ է ստացել Հայաստանը խաղաղության փաստաթղթով, Կոստանյանը պատասխանել է․ «Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու և սկսել է այդ գործընթացը: Մենք նաև ստացել ենք հնարավորություն՝ ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Քննարկումներ են ընթանում, երբ որ կլինեն հստակ հանգրվաններ, վստահաբար դրա մասին հանրությունը պատշաճ կարգով կտեղեկանա»։
Նա դրական է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո գրանցված դինամիկան։
Դիտարկմանը՝ վստա՞հ են, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա գործընթացին, Կոստանյանն արձագանքել է․ «Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում էին այն մասին, որ մենք մտնում ենք կայուն և խաղաղ ժամանակաշրջան»։
Փոխարտգործնախարարը նշել է՝ ՀՀ սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ նախագիծ չկա։ «Այդ թվում՝ կոմունիկացիոն պրոյեկտ չկա և չի կարող լինել: Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանությունները իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,-ասել է նա։