
Ողբերգական դեպք՝ Գորիսում. Խնձորեսկի կամրջի վրա հայտնաբերվել է Գերմանիայի քաղաքացու դի․ Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որոնք հայտնել են, որ Խնձորեսկ գյուղի՝ ժողովրդին հայտնի Խնձորեսկի կամրջի վրա դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 73-ամյա Ուլղիշ Լոտտերն է, որը որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մարմինը դիատարին մոտեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: