09 Հոկ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ծիրանի այգին կարկուտից ամբողջությամբ վնասվել է, գյուղացին պետությունից կստանա 301 հազար դրամ

Եթե ծիրանի այգին կարկուտից ամբողջությամբ վնասվել է, գյուղացին պետությունից կստանա 301 հազար դրամ

Այսօր կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց 2024 և 2025 թվականներին Հայաստանում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների փոխհատուցման կարգի նախագծի մանրամասները։

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին կարկուտի հաճախականությունն ու ինտենսիվությունը զգալիորեն աճել են, ինչը մեծ վնասներ է հասցնում գյուղատնտեսությանը։ 2024 թվականին կարկուտի հետևանքով վնասվել է մոտ 13,000 հեկտար հողատարածք և այգիներ, իսկ 2025-ին՝ ավելի քան 11,3800 հեկտար։

Նախարար Պապոյանն ընդգծեց, որ ապահովագրական համակարգը, որը 2020 թվականից գործում է փորձնական ծրագրով, դեռ չի բավարարում գյուղացիական տնտեսությունների կարիքները։ Շատ ապահովագրական ընկերություններ խուսափում են կնքել պայմանագրեր՝ բարձր ռիսկերի պատճառով։ 2025 թվականին կառավարությունը աջակցել է ապահովագրական համակարգին՝ սուբսիդավորելով ապահովագրավճարը 70–80%-ով և փոխհատուցելով վնասների 200%-ը գերազանցող մասը, սակայն ընկերությունների մասնակցությունը դեռ փոքր ծավալով է եղել։

Նախագծով առաջարկվում է 2024 և 2025 թվականների կարկուտի հետևանքով վնասված հողատարածքներում և այգեգործական տարածքներում 40–100%-անոց վնասների դեպքում տրամադրել մասնակի փոխհատուցում։ Փոխհատուցման չափը հաշվարկվում է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, օրինակ՝

Ծիրանի այգի (100% վնասվածության դեպքում) – 301,840 դրամ

Կարտոֆիլ – 446,950 դրամ

Բանջարաբոստանային մշակաբույսեր – 130,900 դրամ

Աշնանացան ցորեն – 55,328 դրամ

Փոխհատուցում ստանալու համար շահառուները մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը պետք է դիմեն համայնքներին, որոնք մինչև նոյեմբերի 10-ը ամփոփելու են դիմումները և ներկայացնելու են մարզային հանձնաժողովներին։

Պապոյանն ընդգծեց, որ նոր համակարգի գործարկումից հետո կարկուտի հետևանքով վնասների փոխհատուցումները կկատարվեն ապահովագրական մեխանիզմի շրջանակում, և այլևս նման ծավալի միջամտություն պետության կողմից չի պահանջվելու։

Ռազմագերիներ