10 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում իշխանությունն օգտվում է կենսունակ երրորդ ուժի բացակայությունից և առաջ է մղում իր օրակարգը, այդ թվում՝ միակողմանի զիջումների միջոցով․ ռուս փորձագետ

ՀՀ-ում իշխանությունն օգտվում է կենսունակ երրորդ ուժի բացակայությունից և առաջ է մղում իր օրակարգը, այդ թվում՝ միակողմանի զիջումների միջոցով․ ռուս փորձագետ

ՀՀ գործող վարչապետի դեմ իմպիչմենթի գործընթացը կարող է քննարկվել Ազգային ժողովում միայն այն դեպքում, եթե առնվազն 36 պատգամավոր ապահովի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Комсомольская правда ռադիոկայանի եթերում նշել է քաղաքագետ և «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը։

«Կա 34-ը, նրանք Հայաստանի խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Պատիվ ունեմ»-ի (6 պատգամավոր) և «Հայաստան»-ի (28 պատգամավոր) անդամներն են։ Նրանց անհրաժեշտ է 36 ձայն, ուստի՝ նրանք պետք է գտնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առնվազն երկու հեռացած անդամի՝ քննարկումների գործընթացը սկսելու համար, որը դեռևս որևէ գործնական արդյունքի չի հանգեցրել։ Ես կարծում եմ, որ սա հանրության ուշադրությունը գրավելու ընդդիմության փորձն է՝ հունիսի սկզբին նախատեսված Հայաստանի հաջորդ ազգային խորհրդարանի ընտրական գործընթացի համատեքստում։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության հետ կապված «Պատիվ ունեմ» խմբակցության հաջողության հնարավորությունները կասկածելի են համարվում։ Անհասկանալի է, թե որքա՞ն ձայն կստանան նրանք, կամ արդյո՞ք նրանք ընդհանրապես կանցնեն նոր խորհրդարան։ Հետևաբար, քաղաքական ռազմավարության տեսանկյունից, նրանց համար լիովին բնական է ուշադրություն գրավել և ներկայանալ որպես անզիջում ընդդիմություն։ Փաշինյանը որևէ վտանգի տակ չէ։ Ազգային ժողովում անվստահության հարցով քվեարկություն սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավոր։ Վարչապետին պաշտոնից հեռացնելու համար՝ 54-ը, որն ընդդիմությունն ակնհայտորեն չունի, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, հավանաբար, չի ցուցաբերի որևէ քայքայման նշան», – նշել է քաղաքագետը։

Արեշևի խոսքով՝ Հայաստանում իշխանության ճգնաժամ չկա, իսկ ընդդիմությունը մասնատված է։

«Մենք արդեն տեսնում ենք նոր քաղաքական կուսակցությունների և խմբերի ձևավորում Հայաստանում։ Ռուսական լրատվամիջոցներում ամենահայտնին բանտարկված Սամվել Կարապետյանի հետ կապված ուժն է։ Բայց դա միակը չէ. նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել է քաղաքականություն մտնելու իր ցանկության մասին, ինչը, անկեղծ ասած, կանխատեսելի էր։ Ամեն դեպքում՝  նոր ուժերի ի հայտ գալն օբյեկտիվորեն օգուտ է բերում գործող կառավարությանը։ Նրանք օգտվում են կենսունակ երրորդ ուժի բացակայությունից և առաջ են մղում իրենց խաղաղության օրակարգը, ինչպես նրանք են տեսնում, այդ թվում՝ Թուրքիային և Ադրբեջանին միակողմանի զիջումների միջոցով»,- եզրափակել է քաղաքագետը։

Ռազմագերիներ