10 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է․ Լուկաշենկոն ու Ռահմոնը կարևորել են ԱՊՀ երկրների համագործակցությունն անվտանգության ոլորտում

Խաղաղության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է․ Լուկաշենկոն ու Ռահմոնը կարևորել են ԱՊՀ երկրների համագործակցությունն անվտանգության ոլորտում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ուրվագծել է ԱՊՀ երկրների ազգային անվտանգության ռազմավարական ուղղությունները․ գրում է ТАСС-ը։

«Ահաբեկչության դեմ պայքարը, սահմանային անվտանգության ամրապնդումը և միջազգային հանցագործության դեմ պայքարը վաղուց դադարել են լինել առանձին գերատեսչությունների խնդիրներ և դարձել են ԱՊՀ յուրաքանչյուր պետության ազգային անվտանգության բաղադրիչներ», – հայտարարել է նա։

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ ընդհանուր մարտահրավերները պահանջում են առավելագույն համակարգում և ԱՊՀ-ի ամբողջ ներուժի օգտագործում։

«Հետևաբար, այսօր մեր նպատակը ոչ միայն ռիսկերի բացահայտումն ու հնարավորությունների վերլուծությունն է, այլև՝ համագործակցության կոնկրետ, գործնականում իրագործելի մեխանիզմների մշակումը», – բացատրել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն համագործակցության տարածքում անվտանգության ապահովումը և խաղաղության պահպանումն անվանել է բացարձակ առաջնահերթություն։ Նա նաև ԱՊՀ ներկայացուցիչներին հրավիրել է Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի բարձր մակարդակի համաժողովին։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, իր հերթին, ընդգծել է, որ Տաջիկստանի նախագահության ընթացքում ԱՊՀ անդամ երկրները կենտրոնացել են անվտանգության ոլորտում իրենց համագործակցության ամրապնդման վրա։

«Համապատասխան ուշադրություն է դարձվել անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես՝ անվտանգության ռիսկերի և սպառնալիքների դեմ պայքարին», – նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերը կհանգեցնեն լուծումների, որոնք «ուղղված են համագործակցության ներուժի հետագա ամրապնդմանը»։

ԱՊՀ գագաթնաժողովը տեղի է ունենում հոկտեմբերի 10-ին Դուշանբեում, որտեղ մասնակցելու համար ժամանել են Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Հայաստանի վարչապետը։ Նիստը վարում է Տաջիկստանի ղեկավարը, որը 2025 թվականին նախագահում է ԱՊՀ-ում։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդն Անկախ պետությունների համագործակցության բարձրագույն մարմինն է, որտեղ հիմնարար որոշումներ են կայացվում բոլոր հիմնական հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ կազմակերպության կանոնադրության և կառուցվածքի փոփոխությունների։

Ռազմագերիներ