
Օդագնացության փառատոնի մեկնարկը հետաձգվեց անբարենպաստ եղանակի պատճառով
Երևանում այսօր պետք էր մեկնարկեր Օդագնացության միջազգային փառատոնը «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով, որը կազմակերպվել է «SkyBall» ընկերության կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Փառատոնի բացման արարողությունը նախատեսված էր Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածքում, որտեղ հավաքվել էին բազմաթիվ երևանցիներ և զբոսաշրջիկներ՝ ականատես լինելու օդապարիկների առաջին թռիչքներին։ Սակայն ուժեղ քամին և անբարենպաստ եղանակային պայմանները խոչընդոտեցին թռիչքների իրականացմանը։ Մի քանի փորձից հետո կազմակերպիչները ստիպված եղան անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցնել միջոցառումը։
Միջազգային փառատոնին մասնակցում են շուրջ 20 օդապարիկ Հայաստանից և մի շարք այլ երկրներից, այդ թվում՝ Բրազիլիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից և Ճապոնիայից։ Նախատեսված է իրականացնել 11 ցուցադրական թռիչք՝ Գառնիից, Ապարանից և Երևանից։
Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը, և եթե եղանակը բարենպաստ լինի, երևանցիներն ու հյուրերը առաջիկա օրերին հնարավորություն կունենան տեսնել գունավոր օդապարիկներով լցված երկինքը։