23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, Աղդամի ճանապարհն այլընտրանքը չէ․ Բորել

Ադրբեջանի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, Աղդամի ճանապարհն այլընտրանքը չէ․ Բորել

Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար
Մարզի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով. Այս մասին հայտարարություն
է տարածել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ
Ժոզեպ Բորելը:

«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչնդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու
վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հրամանին: Բժշկական պարագաներն ու
առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի
հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն
է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ
չտալ ճգնաժամի հետագա սրում»,-ասված է Բորելի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած
պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Ակնա (Աղդամ) քաղաքով։

«Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ ԵՄ-ն նաև նշում
է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է և կոչ է անում վերսկսել
դրանք՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները:
ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի
կողմից»,-գրել է Բորելը։