
Իսրայելի նախագահը Թրամփին պատվո մեդալ կհանձնի՝ պատանդներին վերադարձնելու ջանքերի համար
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատվո մեդալ կհանձնի՝ պատանդներին վերադարձնելու ջանքերի համար։
Իսրայելի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ մրցանակը Թրամփին կհանձնվի «պատմական համաձայնագրի, Իսրայել պետությանը նրա լիակատար և անսասան աջակցության, քաղաքացիների անվտանգության և բարեկեցության գործում նրա հատուկ ներդրման, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանը խաղաղության և համագործակցության դարաշրջան տանելու իր հանձնառության համար»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հազարավոր իսրայելցիներ հավաքվում են Թել Ավիվի կենտրոնում գտնվող «Պատանդների հրապարակում»՝ սպասելով Գազայի հատվածում երկու տարուց ավելի անազատության մեջ պահվող անձանց վերադարձին։
Պատանդների հարազատներն էլ հավաքվել են Իսրայելի հարավում գտնվող «Ռեիմ» ավիաբազայում, որտեղ պատանդներին տեղափոխել են ազատ արձակվելուց հետո։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հրապարակել էր այսօր ազատ արձակվելիք 20 պատանդների ցուցակը։