
Կոլումբիայում անհայտ անձինք կրակ են բացել վենեսուելացի ակտիվիստների ուղղությամբ
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում երկու վենեսուելացի ակտիվիստ հրազենային վիրավորում է ստացել․ հաղորդում է Deutsche Welle-ն։
Տեղական իշխանությունները կասկածում են, որ դա նպատակային մահափորձ է եղել։
Երկու անհայտ զինված անձինք կրակ են բացել մարդու իրավունքների և ԼԳԲՏ+ ակտիվիստ Ենդրի Վելասկեսի և քաղաքական վերլուծաբան Լուիս Պեչեի ուղղությամբ, երբ վերջիններս դուրս էին գալիս Բոգոտայի հյուսիսում գտնվող շենքերից մեկից։ Տղամարդիկ այժմ հիվանդանոցում են։ Նրանց վիճակը գնահատվում է «կայուն»։
«Այս հարձակումը լուրջ ագրեսիա է ոչ միայն նրանց, այլև տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ամբողջ աշխատանքի դեմ», – նշել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, որն անցյալ շաբաթ արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ իր ժողովրդավարամետ ակտիվիզմի համար։
Գրառում կատարելով իր սոցիալական ցանցերի էջերում՝ Մաչադոն նշել է, որ Վելասկեսը և Պեչեն «հալածվել» են Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի կողմից, և կոչ է արել Կոլումբիայի կառավարությանն անցկացնել «մանրակրկիտ, թափանցիկ հետաքննություն»։
Վելասկեսն ու Պեչեն լքել են Վենեսուելան անցյալ տարի՝ ենթարկվելով քաղաքական հետապնդման։
Վենեսուելայի ԼԳԲՏ+ բռնության դիտորդական կենտրոնի հիմնադիր Վելասկեսը ձերբակալվել էր Վենեսուելայի գլխավոր միջազգային օդանավակայանում Շվեյցարիա մեկնելիս։
Պեչեն քաղաքական վերլուծաբան է, որը խորհրդատվություն է տրամադրել քաղաքական գործիչներին, կառավարական հաստատություններին և մասնավոր կազմակերպություններին: Նրա սոցիալական ցանցերի էջի համաձայն՝ նա 2017 և 2018 թվականներին եղել է Վենեսուելայի Ազգային ժողովի խորհրդական: Երկու տղամարդիկ այն միլիոնավոր վենեսուելացիների թվում են, որոնք վերջին տասնամյակում մշտական քաղաքական և տնտեսական ճգնաժամերի ֆոնին մեկնել են հարևան Կոլումբիա։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Կոլումբիայում ապաստան խնդրող վենեսուելացիները ողջունելի են «անկախ նրանց հայացքներից» և խոստացել է ընդլայնել երկրում մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը։
Կոլումբիայի օմբուդսմենի գրասենյակը հայտարարել է, որ «վենեսուելացի ժողովուրդն արժանի է ապրել խաղաղության և ժողովրդավարության մեջ»՝ հավելելով, որ Կոլումբիայում գտնվող վենեսուելացի միգրանտները պետք է ստանան իշխանությունների պաշտպանությունը։