
Ինչպե՞ս է ալկոհոլը նպաստում քաղցկեղի առաջացմանը․ ԱՀԿ-ի անդրադարձը
Ալկոհոլը քաղցկեղի առաջացման առաջատար պատճառներից է ամբողջ Եվրոպայում․ գրում է Euronews-ը։
Փորձագետները նշում են, որ ալկոհոլի օգտագործումը նվազեցնելուն ուղղված կառավարությունների ավելի խիստ քաղաքականությունը կարող է կանխել քաղցկեղի առաջացման հազարավոր դեպքեր և մահվան ելքեր ամեն տարի։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղցկեղի հետազոտությունների գործակալության (IARC) նոր գիտական վերլուծության՝ աշխարհում ալկոհոլի ամենամեծ սպառող հանդիսացող Եվրամիության տարածքում 2020 թվականին ալկոհոլը քաղցկեղի ավելի քան 111,000 նոր դեպքի պատճառ է դարձել։
Ամբողջ աշխարհում այդ թիվը հասել է մոտավորապես 741,000-ի․ դեպքերի գրեթե 70 տոկոսը գրանցվել է տղամարդկանց մոտ։
IARC-ն ալկոհոլը որպես քաղցկեղածին առաջին անգամ դասակարգել է 1988 թվականին։ Գործակալությունը նշում է, որ ալկոհոլը մեծացնում է քաղցկեղի առնվազն յոթ տեսակի առաջացման ռիսկը, այդ թվում՝ բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի, լյարդի, հաստ աղիքի և կանանց շրջանում կրծքագեղձի։
Հետազոտողները նշում են, որ ալկոհոլը քաղցկեղ է առաջացնում տարբեր մեխանիզմներով, այդ թվում՝ հորմոնալ մակարդակի փոփոխության, աղիքային միկրոբիոմի փոփոխությունների և օքսիդատիվ սթրեսի պատճառով ԴՆԹ-ի վնասման ճանապարհներով։
Նշվում է, որ ալկոհոլի քիչ օգտագործումը նվազեցնում է նմանատիպ քաղցկեղների զարգացման ռիսկը։