
Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման
Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը․ հայտնում են Դատախազությունից։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա, խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը, ձեռք էր բերել, փոխադրել և Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից, իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել էր՝ «ПК» տեսակի «BC 839» համարի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր, «ПKMT» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր, ձեռքի ակոսափող ուսումնական գնդացիրից մարտականի վերափոխված գնդացիր, «AK-74» տեսակի 5,45 մմ /տրամաչափի ակոսափող ինքնաձիգ, AKM» 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ և այլն։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին վճռել էր Աշոտ Մինասյանին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել Աշոտ Մինասյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու 1 ամիս 27 օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։
Վերոնշյալ դատական ակտը բողոքարկվել էր Գլխավոր դատախազության կողմից. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:


