27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում օգնության համար Աղդամի երթուղու կիրառման առաջարկը հավասարազոր է խոշտանգողի կողմից խոշտանգումներին զուգահեռ զոհին մի բաժակ ջուր առաջարկելուն. Զոհրաբ Մնացականյան

Արցախում օգնության համար Աղդամի երթուղու կիրառման առաջարկը հավասարազոր է խոշտանգողի կողմից խոշտանգումներին զուգահեռ զոհին մի բաժակ ջուր առաջարկելուն. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախում ստեղծված
իրավիճակի վերաբերյալ հոդված է հրապարակել։

«Ոեշնչված 2020 թվականի հաղթանակով՝ Բաքուն համառորեն հերքում է
Արցախի իրողությունը՝ որպես քաղաքական սուբյեկտի՝ ինքնակառավարման և սեփական բնակչության
ժողովրդավարական ներկայացուցչության իրականացման կարողությամբ։ Նրանք փորձում են աշխարհին
համոզել, որ պատմական, քաղաքական, իրավական առումով Արցախ (Լեռնային Ղարաբաղ) գոյություն
չունի։ Նրանք արցախահայությանը «խրախուսում են» օգտվել իրենց բնակավայրերը լքելու միակողմանի
տոմսից»,- գրել է Մնացականյանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիները հայտարարում են Արցախն էթնիկ ադրբեջանցիներով
բնակեցնելու ծրագրերի մասին այնպիսի քանակներով, որոնց արդյունքում վերջիններիս թիվը
զգալիորեն գերազանցելու է ներկայիս 120.000 հայ բնակչության թիվը։

Նրանք հետևողականորեն ուժ են կիրառում Արցախի դեմ և խաթարում այնտեղ
կյանքի բնականոն ընթացքը։

«Անցած յոթ ամիսների ընթացքում այս քաղաքականությունն իր գագաթնակետին
հասավ Արցախի ամբողջական շրջափակմամբ և դրան հաջորդած մարդասիրական աղետով։ Բառացիորեն։
Ուժի և հարկադրանքի կիրառումը զուգորդված է վերաինտեգրման կամ տարածաշրջանային խաղաղության
և կայունության վերաբերյալ դեմագոգիայով: Արցախում մարդասիրական օգնության համար Աղդամի
երթուղու կիրառման առաջարկը հավասարազոր է խոշտանգողի կողմից խոշտանգումներին զուգահեռ
զոհին մի բաժակ ջուր առաջարկելուն: Դա բարոյապես նվաստացնում և նսեմացնում է մարդկային
արժանապատվությունը, առավել ևս հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել
է նախկին արտգործնախարարը: