ԿԽՄԿ-ն կոչ է անում թույլ տալ վերսկսել մարդասիրական շարասյուների տեղաշարժը․ Լաչինի կամ Աղդամի ուղիները չեն գործում
Չնայած համառ ջանքերին` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)
չի կարողանում Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով՝ ներառյալ Աղդամը, օգնություն հասցնել
խաղաղ բնակչությանը։ Կազմակերպությունը կոչ է անում ԿԽՄԿ-ին թույլ տալ վերսկսել իր
էական մարդասիրական գործողությունների իրականացումն այդ տարածքում:
«Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյունները փրկօղակ են այս
տարածքի բնակչության համար: Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն
այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա։ Հատկապես վտանգի տակ են հիվանդներն
ու քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև տարեցները, հաշմանդամներն ու
երեխաները։ Որպեսզի մենք գործենք այստեղ, մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական
կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,-
ասել է ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը։
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տասնյակ
հազարավոր մարդիկ ապավինում են այս ուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը:
Քաղաքացիական բնակչությունն այժմ կյանքեր փրկող դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության
պարագաների՝ հիգիենայի միջոցների և մանկական կաթնախառնուրդների անհրաժեշտություն ունի։
Մրգերը, բանջարեղենն ու հացը շարունակում են թանկանալ, կաթնամթերքը,
ձեթը, հացահատիկը հասանելի չեն։ Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ
տեղափոխել մի քանի շաբաթ առաջ։