
Mango ընկերության հիմնադրի մահվան համար կասկածվում է որդին
Իսպանական ոստիկանությունը հետաքննում է Mango ընկերության հիմնադիր Իսակ Էնդիքի հանկարծակի մահը որպես հնարավոր սպանություն․ գլխավոր կասկածյալն Էնդիքի որդին է․ գրում է France-Presse գործակալությունը։
71-ամյա Էնդիքը, որի հիմնադրած ընկերությունն ամբողջ աշխարհում ունի մոտ 2800 մասնաճյուղ, մահացել է անցյալ տարվա դեկտեմբերին Բարսելոնայի մերձակայքում լեռնագնացության ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Կատալոնիայի ոստիկանությունն այժմ Էնդիքի մահվան դեպքը հետաքննում է ոչ թե որպես դժբախտ պատահար, այլ սպանություն․ հիմնական կասկածյալն Էնդիքի որդին՝ Ջոնաթանն է․ գրում է El Pais թերթը՝ հղում անելով «հետաքննությանը տեղյակ տարբեր աղբյուրների»։
Ջոնաթանը, որը միջադեպի ժամանակ հոր հետ եղած միակ մարդն էր, երկու իրար հակասող ցուցմունք է տվել, ինչը քննիչների մոտ կասկածներ է հարուցել։
«Վկան հակասել է ինքն իրեն, անորոշ հայտարարություններ է արել և նկարագրել իրադարձություններ, որոնք չեն համընկնում կատալոնական ոստիկանության կողմից Մոնսերատ լեռներում տեղի ունեցած դեպքի վայրի զննման արդյունքների հետ», – հավելել է թերթը։
Կատալոնիայի ոստիկանությունը հետաքննության առնչությամբ մեկնաբանություններ չի տվել։
Ստամբուլում ծնված Իսակ Էնդիքն Իսպանիայի ամենահարուստ մարդկանցից էր։ Ըստ Forbes-ի՝ նրա և նրա ընտանիքի կարողությունը գնահատվել է 4,5 միլիարդ դոլար։
Էնդիքն իր առաջին խանութը բացել էր Բարսելոնայում 1984 թվականին։ Նրա Mango ապրանքանիշն արագ տարածվել է ամբողջ Իսպանիայում և դարձել աշխարհի առաջատար նորաձևության ընկերություններից մեկը։


