ՀՀ իշխանությանը կոչ ենք անում հրաժարվել Արցախի հարցով աղետալի դիրքորոշումից․ հայտարարություն
«Արցախ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարություն
է տարածել՝ ՀՀ իշխանությանը կոչ անելով հրաժարվել Արցախի հարցով աղետալի դիրքորոշումից։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության
հանդեպ Ադրբեջանն իրականացնում է նոր հանցագործություն՝ շրջափակելով Արցախը: Վերջին
մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների փոխադրման ամբողջական արգելքը, գազամատակարարման
ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումները, պարբերական ռազմական ագրեսիաներն
ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշել և կոտրել Արցախի ժողովրդի
ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնել նրան և, ի վերջո, հանգեցնել
էթնիկ զտման:
Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական
կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների,
դրանց արդյունքում ընդունված Սահմանադրությամբ և պետական իշխանությունների կայացման
ճանապարհով։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու
արցախցիների իրավունքը բացարձակ արժեքներ են, որոնցից անգամ պատերազմի սպառնալիքը չի
կարող արցախցիներին հետ պահել:
Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության
իշխանություններից հրաժարվել աղետալի դիրքորոշումից և առաջնորդվել բացառապես նշված
արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» իմիտացիայով Արցախի
համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի
բանակցային սկզբունքի նշաձողն իջեցնել: ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել
Անկախության հռչակագրով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ. հուլիսի
8-ի որոշումով:
Հարգելի´ հայրենակիցներ, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման
և Արցախի Հանրապետության կայացման սուրբ գործի համար կոչով դիմում ենք Ձեզ՝ միացեք
«Հայաքվե» նախաձեռնությանը, դարձեք նրա շարժիչ ուժը, ակտիվ մասնակցեք և մասնակից դարձրեք
ստորագրահավաքին Ձեր շրջապատի հայրենասեր մարդկանց, քանի որ այն համահայկական նախագիծ
է՝ առանց որևէ սահմանափակման կամ կուսակցական պատկանելության»։