
Կողոպուտ Լուվրում՝ 7 րոպեում. ի՞նչ կատարվեց աշխարհի ամենահայտնի թանգարանում
Կողոպուտ Լուվրում՝ ընդամենը 7 րոպեում․ ինչպես է 4 գողերին հաջողվել ընդամենը 7 րոպեում մտնել աշխարհի ամենահայտնի թանգարանն ու տանել պատմական արժեքավոր 9 զարդ։
Գողերից երկուսը դեպքի վայր են հասել սանդուղքավոր բեռնատարով, մյուս երկուսը՝ սկուտերներով: Աշխատողների համազգեստով չարագործները նախ տարածքը շրջափակել են շինարարական կոներով։ Այնուհետև բարձրանալով սանդուղքով՝ կոտրել են ապակին ու իրականացրել իրենց մտածածը։
Իրենց գործողության ընթացքում նրանք «սպառնացել են անվտանգության աշխատակիցներին» և անջատել ազդանշանը:
Մտնելով թանգարանի «Ապոլլոն» պատկերասրահը՝ նրանք գործել են արագ և վճռականորեն՝ տանելով 9 զարդ՝ շափյուղայե թագ, վզնոց և ականջօղեր, որոնք պատկանել են թագուհիներ Հորտենս դը Բոհարնեին և Մարի Ամալիին, Նապոլեոնի երկրորդ կնոջը՝ Մարի-Լուիզային պատկանած զմրուխտե վզնոց և ականջօղեր և այլ զարդեր։ Գողերը տարել են նաև Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենիայի թագը, սակայն այն հետագայում հայտնաբերվել է թանգարանի մոտակայքում՝ գետնին նետված ու վնասված։ Այս թագը, որի բարձրությունը 13 սմ է, իսկ լայնությունը՝ 15 սմ, զարդարված է 1354 ադամանդներով և 56 զմրուխտներով, ստեղծվել է 1855 թվականին։
Իրենց պլանն իրագործելուց հետո չարագործները հեռացել են սկուտերներով։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ կայսրուհի Եվգենիայի թագն ընկել է նրանց պայուսակից։
Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է նաև ապակի կտրող և այլ սարքեր, բենզին, ձեռնոցներ, ռացիա և դեղին բաճկոն։
Գողերը դեռևս չեն հայտնաբերվել։ Բայց Լուվրն այսօր կվերաբացվի, թեև ցուցադրության մի մասը փակ կլինի։
Դեպքին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահը․ Էմանուել Մակրոնը Լուվրի կողոպուտն անվանել է «հարձակում Ֆրանսիայի ժառանգության և պատմության վրա»։ Իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ Ֆրանսիայի առաջնորդը վստահեցրել է, որ բոլոր գողացված իրերը կվերադարձվեն թանգարան, իսկ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
«Սա ձախողում է Ֆրանսիայի համար»,- խոստովանել է երկրի արդարադատության նախարարը։ Ժերալդ Դարմանենի խոսքով՝ հանցագործությունը չափազանց բացասաբար է ազդել երկրի հեղինակության վրա և բացահայտել է անվտանգության ծառայությունների անարդյունավետությունը։
Իսկ մինչ այս դեպքը, ե՞րբ և ի՞նչ գողություններ են տեղի ունեցել այս հայտնի թանգարանում․
Լուվրից վերջին գրանցված գողությունը տեղի է ունեցել 1998 թվականին, երբ օրը ցերեկով գողացվել է ֆրանսիացի նկարիչ Կամիլ Կորոյի նկարը։ Այն այդպես էլ չի հայտնաբերվել։
Շատ ավելի վաղ՝ 1911 թվականին, գողացել էին թանգարանի զարդը․ «Մոնա Լիզա» կտավը գողացել էր թանգարանի իտալացի աշխատակիցը, որը ցանկանում էր գլուխգործոցը վերադարձնել հայրենիք։ Այն թանգարան է վերադարձվել 3 տարի անց՝ 1914 թվականին։ Այդ ժամանակ կտավն այնքան էլ հայտնի չէր, որքան այսօր։


