
Պատերազմից դեպի տարածաշրջանային ուժերի վերադասավորում. ով ինչ է շահում և կորցնում «Թրամփի երթուղու» ստեղծմամբ. Caucasus Watch
Հայաստանը, ինչպես տարածաշրջանի մյուս պետությունները, կարող է օգուտ քաղել «Թրամփի երթուղու» ստեղծումից: Այն կարող է օգնել Հայաստանին ազատվել տնտեսական մեկուսացումից։ Թերությունների մասին խոսելով՝ համաձայնագիրը կսահմանափակի Բաքվի տեղաշարժերն իր տարածքով վերահսկելու Հայաստանի կարողությունը: Ավելին, ծրագիրը նաև սրել է արդեն իսկ սրված ներքաղաքական և սոցիալական անհարմարությունները․ գրում է Caucasus Watch-ը:
Նշվում է, որ ՀՀ ընդիմությունը մեղադրել է Փաշինյանի ներկայիս կառավարությանը Սյունիքի մարզի մի մասի նկատմամբ ինքնիշխանության և իրավունքների հետագա կորստի համար: Բացի այդ՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի: Այնուամենայնիվ, այն կարող է բախվել բազմաթիվ խոչընդոտների, որոնցից մեկը երկու երկրների հասարակություններում Հայոց ցեղասպանության պատմության շուրջ բախումն է, իսկ մյուսը՝ ներքին ընդդիմությունը: Ինչպես նշվում է, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մնում են լարված, և դա կարող է խոչընդոտել Անկարայի և Երևանի միջև մերձեցմանը: Հաշվի առնելով Կրեմլի նվազող ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում, ներքին ընդդիմությունը շարունակում է մտահոգ լինել երկրում Թուրքիայի բարձր մակարդակի ազդեցությամբ և Ռուսաստանի՝ որպես հավասարակշռող գործոնի նվազող դիրքերով:
Ըստ կանխատեսման՝ այս բոլոր մանրամասները, անբարենպաստ պնդումները և համաձայնագրից բխող բացասական հետևանքները, ինչպես նաև «Թրամփի երթուղու» գործարկումը բացասաբար կանդրադառնան հասարակության կողմից Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանն աջակցության վրա։
Caucasus Watch-ը նկատում է, որ «Թրամփի երթուղու» բացումը զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ ունի Վրաստանի դիրքի համար տարածաշրջանում։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվի Վրաստանի հետ տրանսպորտային նախագծերից, որոնցում նրանք զգալի ներդրումներ են կատարել: Այս մայրուղիները դժվար է փոխարինել, ուստի՝ TRIPP-ը կծառայի որպես տարածաշրջանի հիմնական տրանսպորտային զարկերակների լրացում, այլ ոչ թե որպես մրցակից։ Եթե TRIPP-ը վերածվի Վրաստանը շրջանցող նոր երթուղու, տարանցիկ առևտրի մի մասը կարող է անցնել Հայաստանով: Սա կհանգեցնի Վրաստանի տարանցիկ եկամուտների և լոգիստիկ բիզնեսի նվազմանը: Հետևաբար, ԱՄՆ-ի և այլ դերակատարների ուշադրությունը կարող է վերաուղղվել դեպի Հայաստանի հարավ (Սյունիք)՝ որոշ ենթակառուցվածքներում և առևտրային ցանցերում Վրաստանի նշանակալի դերի հաշվին։
Այնուամենայնիվ, երթուղին, անշուշտ, մի շարք ռազմավարական և աշխարհաքաղաքական ռիսկեր կառաջացնի նաև տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության համար: Հենց այս երթուղու խթանման միջոցով է ԱՄՆ-ն ամրապնդում իր քաղաքական դիրքերը Հարավային Կովկասում և ավելի է բարձրացնում իր դերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արտաքին երաշխավոր։ Այս նախաձեռնությունը նվազեցրել է Մոսկվայի կարողությունն՝ իր ավանդական ազդեցությունը գործադրելու տարածաշրջանային տարանցիկ և սահմանային կարգավորումների վրա: Բացի այդ՝ այս ծրագիրն ուժեղ ազդանշան է ուղարկում այլ երկրներին, քանի որ այն փոխարինում է Ռուսաստանի կողմից կառավարվող «Զանգեզուրի միջանցքն» ԱՄՆ-ի կողմից կառավարվող երթուղով: Արդյունքում՝ Մոսկվան գործնականում մեկուսացված է տարածաշրջանից: Այդուամենայնիվ, Հայաստանը դեռևս պատրաստ չէ հրաժարվել ԵԱՏՄ-ից:
Վերջին տարիներին Իրանը եղել է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի կողմնակից։ Այս նախագծի հիմնական խնդիրը Հայաստանի և Իրանի միջև երկարաժամկետ տրանսպորտային կապի բացակայությունն էր։ Նախատեսվող տարանցիկ միջանցքի միջոցով Իրանը ցանկանում է մուտք գործել Սև ծով՝ Հայաստանի և Վրաստանի միջոցով՝ շրջանցելով Ադրբեջանը և Թուրքիայի հիմնական շրջանները։ «Թրամփի երթուղու» բացումը և Հայաստանի հետ երկաթուղային կապի հաստատումը կարող են Իրանին հնարավորություն տալ իրականացնել այս նախագիծը։ Ռուսաստանը և Իրանն աշխատում են նվազեցնել իրենց կախվածությունն Ադրբեջանից «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակում։ Քանի որ Ռուսաստանի Կասպից ծովի նավահանգիստները ձմռանը սառցակալում են, այն կախված է Ադրբեջանի ցամաքային ճանապարհներից։ Արդյունքում՝ Իրանի և Հայաստանի միջև երկաթուղու վերաբացումը կօգնի Իրանին և Ռուսաստանին նվազեցնել իրենց կախվածությունը Ադրբեջանից։
Իրանական իշխանությունները չեն աջակցում «Թրամփի երթուղուն», քանի որ համարում են, որ այն պարունակում է տարածաշրջանում անկայունությանը նպաստող սպառնալիքներ: Թեհրանի կառավարությունը մտահոգված է, որ այդ երթուղին ապագայում կօգտագործվի ամերիկյան ընկերությունների կողմից Իրանի դեմ հսկողություն իրականացնելու համար։ Ավելին, Իրանը այս երթուղին դիտարկում է որպես հնարավորություն Թուրքիայի համար՝ ընդլայնելու իր աշխարհաքաղաքական ազդեցությունը թյուրքական աշխարհի վրա: Թեհրանը զգուշանում է թյուրքական ազգայնականությունից, որը կարող է անջատողականություն հրահրել իր ադրբեջանական փոքրամասնության շրջանում։
«Թրամփի երթուղու» ստեղծումը Թուրքիային զգալի առավելություններ կտա։ Միջանցքը Թուրքիային կառաջարկի ուղիղ ցամաքային կապ Ադրբեջանի հետ։ Այն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջան մուտք գործելու, այլև Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա ավելի կարճ երթուղի կառուցելու համար։ Թուրքիան նաև կկարողանա նվազեցնել իր կախվածությունն Իրանից՝ TRIPP-ի բացման շնորհիվ, քանի որ այն բեռների տարանցումն Իրանի տարածքից կտեղափոխի Ադրբեջան։ Նրա դիրքը տարածաշրջանում զգալիորեն կամրապնդվի, և «Թրամփի երթուղու» բացմամբ նրա ազդեցությունը կաճի։
«Թրամփի երթուղին» ազդարարում է Հարավային Կովկասում արտաքին ուժերի ավելի մեծ ներգրավվածության մասին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Թուրքիայի կողմից, ինչը կարող է վերադասավորել տարածաշրջանային ուժերի հարաբերությունները և նվազեցնել Ռուսաստանի պատմական ազդեցությունը:


