Հայկական ընկերությունները կկարողանան օգտվել իրանական նավահանգիստներից
Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում
հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության
նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր
տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական
կցորդ Վարդան Կոստանյանը։
Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես՝ երկու երկրների
միջև բեռանափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ
դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և
Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։
Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին
ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար։
Հանդիպման
արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ստորագրել ոլորտային
համագործակցության հուշագիր, որը թույլ կտա հայկական կողմին օգտվել իրանական
նավահանգիստներից»։