ԿԽՄԿ-ին հաջողվել է ադրբեջանցիներին համոզել, որ անցակետում բուժզննումը գոնե չկատարվի տեսախցիկների առջև. ԱՀ պետնախարար
Քանի որ տևական ժամանակ նույնիսկ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի
միջոցով անհնարին էր դարձել հիվանդների տեղափոխությունը Հայաստան, հիմա ունենք ավելի
քան 200 բուժառու, որոնք սպասում են ՀՀ տեղափոխվելուն: Այս մասին «Ազատություն»
ռադիոկայանին տված հարցազույցում նշել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Ինչպես արդեն ասել եմ, ադրբեջանցիները անցակետում
հավելյալ բերել են բժիշկներ և մեր հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան՝
այնտեղ պատշաճ բուժօգնություն ստանալու համար, ադրբեջանցիները անցակետում նրանց բուժհետազոտության
են ենթարկում: Այսօր մի կերպ համոզեցինք, որ այդ բուժհետազոտությունը չկազմակերպեն
տեսախցիկների առջև: Պատկերացնում եք, մեր հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում,
նույնիսկ ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում,
նրանց իջեցնում են և ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք,
ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է զուգորդվի նաև անձի մերկացմամբ:
Կարմիր Խաչին մի կերպ հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների առջև չկատարվի»,-ասել
է Արցախի պետնախարարը: