
Ավերածություններ և մահ՝ Փարիզում․ փոթորիկը կաթվածահար է արել մի ամբողջ շրջան
Ավերածություններ են տեղի ունեցել Փարիզի հյուսիս-արևմուտքում։ Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, կաթվածահար է եղել Վալ դը Ուազ շրջանը։ Պտտահողմի հետևանքն անդառնալի է եղել Էրմոն քաղաքում․ վերամբարձ կռունկն ընկել է շենքի վրա։ Մահացել է տարածքում աշխատող 23-ամյա շինարար երիտասարդ։ Ինը քաղաքացի էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ չորսի վիճակը ծաներ է, մյուսների վնասվածքներն ավելի թեթև են։
Փոթորիկը, որ ստացել է «Մինի տորնադո» անունը, կաթվածահար է արել ամբողջ շրջանն ու մեծ վնասներ է հասցրել մի քանի մեծ համայնքների։


