
Բեռնատարների վարորդները բացել են ճանապարհները․ սպասում են կոնկրետ օրվա
Դեպի ՌԴ բեռնափոխադրում իրականացնող վարորդները դադարեցրել են բողոքի ակցիաներն ու բացել Հայաստան-Վրաստան սահմանակետերի ճանապարհները։ ABC Media-ն տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը վարորդներին համոզել է՝ սպասեն ևս մի քանի օր։
«Ամսի 24-ին մեզ պատասխան են տալու»,- ասաց վարորդներից մեկը։
Հոկտեմբերի 24-ին տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, ինչի ժամանակ էլ, ըստ երևույթին, քննարկվելու է վարորդների բարձրացրած հարցը։
Մեր զրուցակցի պատմածով՝ կառավարության ներկայացուցիչներն իրենց ասել են, որ պաշտոնական Մոսկվան տրամադրված է ընդառաջ քայլ անել և փոխել «90-օրյա ժամկետի» կարգը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, բեռնատարների վարորդները փակել էին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցակետեր տանող ճանապարհները։ Նրանք բողոքում են, որ Հայաստանի իշխանությունը բավարար քայլեր չի անում և պատշաճ չի բանակցում ռուս գործընկերների հետ, որ փոփոխվի Միգրացիայի օրենքի՝ այս տարվա սեպտեմբերից ուժի մեջ մտած նոր կարգը, ըստ որի՝ ոչ վիզային ռեժիմով երկրների (այդ թվում՝ Հայաստանի) քաղաքացիները Ռուսաստանում մեկ տարվա մեջ կարող են լինել 90 օր՝ նախկին 180-ի փոխարեն։


