
Որոշ հակադեպրեսանտներ ավելի լուրջ ֆիզիկական կողմնակի ազդեցություններ ունեն, քան մյուսները
Հետազոտողները պարզել են, որ ոչ բոլոր հակադեպրեսանտներն են նույնը ֆիզիկական կողմնակի ազդեցությունների առումով․ գրում է Euronews-ը։
Յուրաքանչյուր ոք, ում դեպրեսիայի բուժման համար դեղորայք է նշանակվել, ծանոթ է հնարավոր կողմնակի ազդեցությունների երկար ցանկին՝ քնկոտություն, ախորժակի կորուստ, գլխացավեր և այլն։
Սակայն, ըստ նոր ուսումնասիրության, հակադեպրեսանտների ֆիզիկական կողմնակի ազդեցությունները զգալիորեն տարբերվում են դեղամիջոցից դեղամիջոց։ Նշվում է, որ որոշ հակադեպրեսանտներ կարող են արագ փոփոխություններ առաջացնել քաշի, սրտի զարկերի և արյան ճնշման մեջ, մինչդեռ մյուսները «համեմատաբար անվնաս» են։
Հետազոտողները նշել են, որ իրենց վերլուծությունը, որը հրապարակվել է The Lancet բժշկական ամսագրում, առաջինն է, որը կապում է որոշակի ֆիզիկական կողմնակի ազդեցություններն առանձին հակադեպրեսանտ դեղամիջոցների հետ։
Ուսումնասիրության հեղինակներից մեկը և Լոնդոնի Քինգս քոլեջի դասախոս Թոբի Փիլինջերը նշել է, որ «լավ կլիներ իմանալ, թե որ հակադեպրեսանտներն են ավելի լավը կամ ավելի վատը», որպեսզի, տարբեր ֆիզիկական կողմնակի ազդեցությունները հաշվի առնելով, բժիշկները կարողանան անհատական մոտեցում ցուցաբերել դեղատոմսերի նշանակման հարցում։


