
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պատրաստ է, մնացել են վերջին շտրիխները․ Ադրբեջանի վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարելի է ասել, պատրաստ է, մնացել են միայն վերջին շտրիխները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» 5-րդ ֆորումում իր ելույթում:
Նա նշել է, որ երկու կողմերն էլ կշարունակեն աշխատանքներն այս ուղղությամբ։
«Երբ ժամանակը գա, այն կստորագրվի», – նշել է Ասադովը։
Ադրբեջանի վարչապետի խոսքով՝ վերացնելով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները՝ Ադրբեջանը նպաստել է տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը։
Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի օրակարգի շուրջ ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն համագործակցություն ապահովելու համար։ Ասադովը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կնպաստի միջազգային բեռնափոխադրումների համար տարածաշրջանի տարանցիկ հզորությունների ընդլայնմանը։
«Մենք վստահ ենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի հիման վրա տարածաշրջանում բացվող նոր երթուղին կդառնա Միջին միջանցքի հիմնական հատվածը և կնպաստի դրա դերի բարձրացմանը համաշխարհային տրանսպորտային ցանցում։ Ադրբեջանը շարունակում է ցուցադրել տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնման իր հանձնառությունը։ Ադրբեջանն այս ուղղությամբ զգալի ներդրում է ունեցել՝ վերացնելով դեպի Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները։ Ադրբեջանի տարածքով ղազախական հացահատիկի տեղափոխումը Հայաստան, այս առումով, առաջին գործնական քայլն է։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սա ցույց է տալիս, որ խաղաղությունն այլևս միայն թղթի վրա չէ, այլև՝ իրական կյանքում»,- հայտարարել է Ասադովը։


