Հանրային ծառայողներին ահաբեկում են, սպառնում «Հայաքվեին» միանալու դեպքում ազատել աշխատանքից․ Ավետիք Չալաբյան
Եթե անցյալ շաբաթ սադրանքներ էին գործադրում «Հայաքվե» նախաձեռնության
նկատմամբ, ապա այս շաբաթ հիմնականում ահաբեկումներ են եղել․ այս մասին ասուլիսի ընթացքում
ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Հանրային ծառայողներին ահաբեկում են, որպեսզի
նրանք չմասնակցեն ստորագրահավաքին, և որ անգամ ստորագրությունները հետ վերցնեն։ Մենք
ունենք կոնկրետ դեպք, երբ 4 հանրային ծառայող եկել են ստորագրահավաքի կետ, և խնդրել
են, որպեսզի ստորագրությունները հետ վերցնեն, քանի որ սպառնում են աշխատանքից ազատել։
Այդ դեպքն արձանագրված է»,- ասաց Չալաբյանը։
Նախաձեռնության համակարգողը նշեց՝ «Հայաքվեն» շարունակում է ընդլայնել
աշխարհագրությունը։ Երևանի բոլոր ավարչական շրջաններում շարունակել են աշխատել, բացառությամբ
Նորք մարաշ և Նուբարաշեն համայնքների, որտեղ մի քանի օրով դադար են վերցրել։
«Մարզերում անցյալ շաբաթ ընդլայնեցինք աշխարհագրությունը՝
մինչև 32 համայնք։ Ընդ որում՝ համայնքների զգալի մասում մենք արդեն անցյալ շաբաթների
ընթացքում աշխատել ենք ոչ միայն համայնքային կենտրոններում, այլև գյուղական բնակավայրերում»,-
ասաց Չալաբյանը։
Նրա խոսքով, գյուղերում երբեմն ունենում են
մասնակցության բարձր ցուցանիշ, և տարածված կարծիքը, թե այնտեղ սատարում են գործող իշխանությանը,
իրականությանը չի համապատասխանում։
«Փորձը ցույց է տալիս, որ բացառությամբ Տավուշի
մարզի մի քանի գյուղերի, մյուս բոլոր մարզերում, գյուղերն ավելի մեծ ոգևորություն,
հանրային ակտիվություն ու մասնակցություն են ցուցաբերում, քան նույնիսկ խոշոր քաղաքներում»,-ասաց
Չալաբյանը։