
Դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում․ Փաստաբանների պալատ
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այսօր քննարկել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների հարցը․ տեղեկացնում է Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը։
Հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և մասնագիտական հեղինակության համատեքստում:
Հանձնաժողովը միարժեքորեն ամրագրել է՝ դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում, առավել ևս՝ քրեական, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող օրինական մասնագիտական գործունեությամբ:
Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ: Սա պահանջում է պետությունից ապահովել միջավայր, որ փաստաբաններն իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարեն սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում: Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում:
Հանձնաժողովը վերահաստատում է՝ փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար:
Այդպիսի գործողությունները խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:
Անդրադառնալով փաստաբանի նկատմամբ կիրառված և միջնորդված հարկադրանքի միջոցներին՝ հանձնաժողովը վերահաստատում է՝ փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության վրա:


