Կոչ ենք անում Հայաստանին՝ խաղաղապահներին միջազգային մանդատ տալու հարցով անհապաղ դիմել ՄԱԿ․ Արցախի ԱԺ ուղերձը
Արցախի Ազգային ժողովը
հայտարարություն է տարածել՝ ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու
համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ
միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ
հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի
անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար»,-ասված է հայտարարության
մեջ։
Արցախի ԱԺ-ն դիմել է Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջելով
անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը
միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում
խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։
Դիմել է նաև Միջազգային հանրությանը՝ կոչ անելով հավատարիմ
լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին
և առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ
բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու
գործուն միջոցներ: