
Մալայզիայում Թրամփի այցի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել
Կուալա Լումպուրում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մալայզիա այցի ֆոնին․ գրում է lenta.ru-ն։
Բողոքի ցույցերն անցկացվել են Մալայզիայի մայրաքաղաքի Մերդեկա հրապարակում։ Սկզբնապես դրանք նախատեսված է եղել անցկացնել «Ամպանգ» զբոսայգում, որը գտնվում է անմիջապես ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի անցկացման վայրի դիմաց։ Հանրահավաքի մասնակիցները կոչ են արել վերջ դնել «ամերիկյան իմպերիալիզմին» և Թրամփին «տուն ուղարկել»։ Բողոքի ցույցի մասնակիցները Թրամփին պատկերել են անգամ սատանայի կերպարով։
Ցուցարարները ծածանել են նաև պաղեստինյան դրոշներ՝ պահանջելով Գազայի հատվածի ազատագրումը, և վանկարկել են «Կիրառել պատժամիջոցներ Իսրայելի դեմ» կարգախոսը։ Ոստիկանությունը պահպանել է կարգուկանոնը բողոքի ցույցերի ժամանակ։
Ավելի վաղ Թաիլանդն ու Կամբոջան Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ հռչակագիր։ Ստորագրմանը ներկա են եղել ԱՄՆ նախագահն ու Մալայզիայի վարչապետը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում ամերիկյան և չինական պատվիրակությունների միջև բանակցությունները լավ հիմք են հանդիսացել Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման համար։


