
Պուտինը թող պատերազմն ավարտի, այլ ոչ թե հրթիռներ փորձարկի․ Թրամփը՝ «Բուրեվեստնիկ» հրթիռի արձակման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը «Բուրեվեստնիկ» միջուկային հրթիռի հաջող փորձարկման մասին․ հայտնում է Սպիտակ տունը։
«Ես կարծում եմ՝ տեղին չեն Պուտինի նման հայտարարությունները։ Նա թող պատերազմն ավարտի, որը պետք է տևեր մեկ շաբաթ, բայց այժմ մոտենում է իր չորրորդ տարուն։ Դա այն է, ինչ նա պետք է անի, այլ ոչ թե հրթիռներ փորձարկի», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ «նրանք գիտեն, որ մենք ունենք միջուկային սուզանավ, լավագույնն աշխարհում, հենց իրենց ափերի մոտ»։ «Այնպես որ, մեզ պետք չէ հրթիռ, որը թռչում է 8000 մղոն հեռավորության վրա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Նրանք մեզ հետ խաղեր չեն խաղում, մենք էլ նրանց հետ խաղեր չենք խաղում», – ասել է Թրամփը՝ կրկնելով, որ ԱՄՆ-ն «ունի միջուկային սուզանավ, մենք կարիք չունենք կրակելու նման հեռավորությունների վրա»։
Հոկտեմբերի 26-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ Պուտինը ռազմական հրամանատարության հետ քննարկում է «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը: Ձայնագրության համաձայն՝ միջուկային շարժիչով հրթիռն արձակվել է հոկտեմբերի 21-ին: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ հրթիռն անցել է 14,000 կիլոմետր և մնացել է օդում մոտ 15 ժամ: Պուտինը «Բուրեվեստնիկ»-ն անվանել է «ունիկալ արտադրանք, որը եզակի է աշխարհում»։


