
Ուկրաինայի հարցում ԱՄՆ դիրքորոշումն արմատապես փոխվել է․ Լավրով
Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում «արմատապես» փոխվել է․ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ալյասկայի գագաթնաժողովից հետո Թրամփն «ուղիղ և հրապարակայնորեն հայտարարել էր, որ, իր կարծիքով, խոսքը հրադադարի մասին չէ, այլ կայուն, երկարաժամկետ խաղաղության»։ Հիմա, Լավրովի խոսքով, խոսքը միայն հրադադարի մասին է։
«Հիմա նրանք խոսում են միայն անհապաղ հրադադարի մասին, որից հետո պատմությունը կդատի. սա արմատական փոփոխություն է», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հունգարական Ultrahang YouTube-ալիքին տված հարցազրույցում։
«Սա նաև նշանակում է, որ եվրոպացիները ո՛չ քնում են, ո՛չ ուտում, այլ փորձում են «ոլորել» այս վարչակազմի ձեռքերը», – ասել է նա։
Հարցազրույցի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «գտնվում է եվրոպական «բազեների», Վլադիմիր Զելենսկու և այլոց կողմից հսկայական, անհավանական ճնշման տակ, որոնք չեն ցանկանում որևէ ոլորտում ամերիկա-ռուսական համագործակցություն»։


