25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի՝ Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք համարելը

Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի՝ Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք համարելը

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի
կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը։ Այս մասին նշվում է ՀՅԴ
Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Շառլ Միշելի այն մոտեցումը, ըստ որի` Աղդամից
Արցախ «մարդասիրական» մատակարարումներ իրականացնելու ադրբեջանական պայմանը հավասարեցվում
է Լաչինի միջանցքի բացման կարևորագույն խնդրին, մեծ սխալ է։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝
մենք դատապարտում ենք նախագահ Միշելի աջակցությունն ադրբեջանական օրակարգին, այն է՝
օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը որպես Արցախահայությանն այսպես կոչված «մարդասիրական
օգնություն» տրամադրելու ուղի․ այն հայ բնակչությանը, որին Ադրբեջանը, ահաբեկելով և
շրջափակման մեջ պահելով, ավելի քան յոթ ամիս փորձում է մատնել սովի։  Ադրբեջանը
փաստացի աստիճանաբար սեղմում է Արցախի բնակչության շուրջ մահաբեր օղակը՝ շարունակ մղելով
հուսահատության»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահը, արտահայտելով ԵՄ աջակցությունն ադրբեջանական
օրակարգին, ոչ միայն օրինականացնում է ավտորիտար ռեժիմի էթնիկ զտումների քաղաքականությունը,
այլև հակասության մեջ է մտնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի հետ,
որով Ադրբեջանին հանձնարարվել էր անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս
հայտարարությունը նաև անտեսում է 2023 թվականի մարտին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը,
որը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների
նկատմամբ, եթե Ադրբեջանն անհապաղ չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի
փետրվարի 22-ի հրամանը: ԵՄ ղեկավարության այս մոտեցումը թույլ է տալիս Բաքվին խուսափել
ճնշումներից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում: