
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի մասով դատախազությունը դիմում է ստացել
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը դատախազություն հաղորդում է ներկայացրել, որ վերաբերում է (ենթադրաբար) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքին։ ABC Media-ն տեղեկացավ, որ դատախազությունը ստացել է դիմումը։
«Այո, ստացել ենք ու օրենքով սահմանված կարգով ընթացք տվել»,- տեղեկությունը հաստատելով՝ ABC Media-ին հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր էին տարածվել, ինչից հետո բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ ու կազմակերպություններ հայտարարեցին՝ խախտվել է մարդու մասնավոր և անձնական կյանքի իրավունքը։
Ի պատասխան՝ Արշակ սրբազանը շահագրգիռ անձանց հրապարակավ հղել էր իր արհամարանքն ու քմծիծաղը: «Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն»,- նշել էր նա։


