
ՔՊ-ն 2026-ի ընտրություններին փորձելու է վաճառել օգոստոսի 8-ի թուղթը՝ «խաղաղություն բերեցինք» բլեֆով․ Արտակ Զաքարյան
Այսօր ԱԺ-ում Նիկոլն, իբրև թե, մեկնաբանում էր ՀՀ ԶՈՒ նոր հայեցակարգի նպատակները՝ այն ի մի բերելով որպես ««Մարտnւնակ բանակ» հասկացությունը «պաշտպանունակ բանակ» հասկացությամբ փոխարինելու գաղափար. Facebook-ի իր էջում գրում է ՀՀԿ-ական, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Այսինքն, ցանկանում էր ևս մեկ անգամ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ն, իր տարածքներից դուրս որևէ մարտական գործողություն չի կատարելու։
Ի գիտություն պարտված, տարածքներ հանձնած և արցախյան էջը փակած «գերագույն գլխավոր» հրամանատարի՝ հարկ եմ համարում նշել, որ աշխարհի ցանկացած երկիր պաշտպանունակ լինելու համար, նախևառաջ, պետք է ունենա մարտունակ բանակ։ Այսինքն, պաշտպանունակ երկրի ԶՈւ-ն պետք է ունակ լինի լուծելու մարտական խնդիրներ և առաջադրանքներ, ինչն էլ զորքերի մարտական պատրաստվածության որոշիչ էլեմենտ և հաղթանակի հասնելու կարևորագույն պայման է։
Սեփական երկրի տարածքները, հայ ժողովրդի (հայ մարդու) անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելը ևս հաղթանակ է, ինչի համար նաև մարտունակություն է պետք։ Այսպիսին էր Սերժ Սարգսյանի իշխանության գլխավոր սկզբունքներից մեկը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության պատկերացրած հաղթանակները հայ ժողովրդի, հայ մարդու կորուստների ու պարտությունների մեջ է։
Ինչ վերաբերում է պետությունների պաշտպանունակությանը, ապա այն ենթադրում է արտաքին ագրեսիայից տվյալ երկրի պատրաստվածության մակարդակը։ Այն բաղկացած է ինչպես բանակի մարտունակությունից, այնպես էլ նյութա-տեխնիական, տնտեսական, մարդկային ռեսուրսներից և հասարակության բարոյա-հոգեբանական վիճակից, ինչը տվյալ երկիրն ի զորու է մոբիլիզացնել՝ դրված նպատակներին հասնելու համար։
Պետության պաշտպանունակությունը կախված է նաև վարվող արտաքին ու ներքին քաղաքականությունից, տարածային առանձնահատկություններից, քաղաքացիական պաշտպանության վիճակից, տնտեսության կառուցվածքից, դաշնակից պետությունների հետ հարաբերություններից, տեխնոլոգիական և կիբեռ պատրաստվածության մակարդակից, տեղեկատվական անվտանգությունից և այլն։
Ստեղծված իրավիճակում Նիկոլի և ՔՊ-ի կործանարար քաղաքականության պատճառով՝ մի քանի անգամ ավելի բարդացել է ՀՀ Զինված Ուժերի առջև դրված մարտական խնդիրները։ Նրանց մարտունակության բարձրացման, կարողությունների և հմտությունների զարգացման, աշխարհագրական սեղմ տարածության վրա ռազմա-տեխնելոգիական հագեցվածությամբ պրեվենտիվ և արդյունավետ պաշտպանության կազմակերպման, ինչպես նաև հակաահաբեկչական պատրաստվածության հարցերով լրջորեն զբաղվել է պետք։
Առաջիկայում կներայացնենք, թե իշխանափոխությունից հետո, այս ուղղությամբ ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացվի։
Միայն պաշտպանունակ պետության, զարգացող տնտեսության, մարտունակ բանակի, ազգային արժեքներով ապրող համերաշխ հասարակության և հավասարակաշռված արտաքին քաղաքականության արդյունքում է հնարավոր ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրական խաղաղությունը։
2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում քվեների դիմաց «պատերազմը կանգնեցրիք» սուտ կարգախոսով՝ ՔՊ-ն հայ ժողովրդի վրա «ծախեց» նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում կրկին քվեների դիմաց՝ «խաղաղությունը բերեցինք» բլեֆով, փորձելու են «վաճառել» օգոստոսի 8-ի թութղը, որի կիրառման դետալները որքան մութ են, այնքան էլ կարող են վտանգավոր լինել ռեգիոնալ զարգացումների և մեր երկրի անվտանգային միջավայրի տեսանկյունից»,- նշում է նա։


