
Ընդդիմադիրները ԵԽ պատգամավորին են ներկայացրել Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը
Երևանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանած Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ հոկտեմբերի 27-ին հանդիպել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
«Ողջունելով հյուրին՝ Սեյրան Օհանյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նաչո Սանչես Ամորին՝ ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն անձամբ աջակցելու համար:
Սեյրան Օհանյանի խոսքով ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունն այն արժեքներն են, որոնք հնարավորություն են տալիս երկրներին զարգանալու ու ինտեգրվելու եվրոպական համայնքին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ, բարձրաձայնել Ադրբեջանում պահվող անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը»,- ասված է հաղորդագրությունում:


