
«Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025» միջազգային ֆորումին կմասնակցի Սուրեն Պարսյանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը հրավիրվել է մասնակցելու աշխարհի առաջատար վերլուծական կենտրոններից մեկի՝ Observer Research Foundation (ORF)-ի և Հնդկաստանի Ports, Shipping and Waterways (MoPS&W) նախարարության կողմից կազմակերպվող «Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025» միջազգային ֆորումին։ Միջոցառումը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 27–29-ը, Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայում։
«Sagarmanthan»-ը միջազգային կարևոր հարթակ է, որն ամեն տարի համախմբում է պետական և մասնավոր հատվածների բարձրաստիճան ներկայացուցիչների, գիտական համայնքի անդամների, քաղաքականության մշակողների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու գլոբալ ծովային տնտեսության ներկա և ապագա մարտահրավերները։
Ֆորումի նպատակն է խթանել քննարկումները կապույտ տնտեսության, ծովային լոգիստիկայի, նավահանգիստների և ջրային ուղիների կառավարման, ինչպես նաև ծովային քաղաքականության նոր մոտեցումների շուրջ՝ միաժամանակ ձևավորելով միջազգային համագործակցության նոր ուղիներ՝ առավել դիմացկուն, ներառական և կայուն ծովային ապագա ապահովելու համար։
2025 թվականի ֆորումը կենտրոնանալու է հինգ ռազմավարական թեմատիկ ուղղությունների վրա՝
- Կապերի վերաիմաստավորում․ նոր նյութեր, նոր շուկաներ և նոր քաղաքականություն,
- Ազատ նավատորմեր․ Օվկիանոսի կոալիցիաներ,
- Կապույտ քաղաքների պարադիգմ․ ֆինանսներ, ծառայություններ և մարդկային ներուժ,
- Կապույտ բուրգի հավասարեցում․ ծովափնյա համայնքների արժեքավորումը,
- Տեխնոլոգիական սահմաններ․ մոլորակ, արդյունավետություն և շահույթ։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի մասնակցությունը ֆորումին կարևոր հնարավորություն է Հայաստանի համար՝ ներկայացնելու մեր երկրի տնտեսական, տրանսպորտային և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները միջազգային բեմում։ Նրա ելույթը և մասնակցությունը քննարկումներին ուղղված կլինեն Հայաստանի ներառմանը գլոբալ ծովային և կապույտ տնտեսության ռազմավարական գործընթացներում, ինչպես նաև նոր գործընկերային կապերի ստեղծմանը՝ գիտության, կրթության, տնտեսության և քաղաքականության ոլորտներում։
Պարոն Պարսյանը նաև ընդգծում է, որ նման հարթակները կարևոր դեր ունեն գիտակրթական հաստատությունների միջազգային ճանաչման, ինչպես նաև գիտական ու տնտեսական դիվանագիտության ամրապնդման գործում․
«Հայաստանի նման երկրները, թեև չունեն ծովային սահմաններ, սակայն ունեն զգալի հետաքրքրություն կապույտ տնտեսության, լոգիստիկայի և միջազգային առևտրային ցանցերի զարգացման հարցերում։ Այս ֆորումը հնարավորություն է միջազգային գործընկերների հետ քննարկելու այն ուղիները, որոնց միջոցով մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանային տնտեսական կամուրջ և ներդրումային համագործակցության հարթակ», — նշեց Սուրեն Պարսյանը։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են թեմատիկ քննարկումներ, գագաթնաժողովային նիստեր, մասնագիտական սեմինարներ և գործընկերային հանդիպումներ, որոնց արդյունքները կնպաստեն համաշխարհային ծովային քաղաքականության նոր ուղղությունների ձևավորմանը։


